750 հազարից աշխատում է միայն 48%-ը
Հայաստանում գրանցված քաղաքացիներից 750 հազարը երիտասարդներ են, որոնցից աշխատանքով է ապահովված ընդամենը 48%-ը: Երիտասարդների 33%-ը համարվում է պասիվ: Սրանք այն մարդիկ են, ովքեր չեն աշխատում, չեն փնտրում աշխատանք, և չեն էլ սովորում որևէ հաստատությունում: Այսպիսի տվյալներ ներկայացրեց այսօր «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կոնտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:
Այս ցուցանիշը բարելավելու համար ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 4-ին հավանություն է տվել «ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման» հայեցակարգին: Այն կառավարությանը ներկայացրել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս համակարգի հիմնական նպատակն այն է, որ տարիքային տարբեր խմբերում գտնվող մարդիկ իրենց կյանքի ողջ ընթացքում կարողանան կողմնորոշվել իրենց մասնագիտության հարցում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև փոխել այն:
«Այս համակարգը շատ կարևոր է, և կարող է խթանել զբաղվածությանը»,- ասաց «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կոնտրոնի» տնօրեն Հայկուհի Գևորգյանը: Ինչպես նշեց վերջինս` մասնագիտական կողմնորոշումն իրականացվելու է 3 հիմնական օղակներում` դպրոցներում, միջին մասնագիտական և բարձր ուսումնական հաստատություններում և սոց. ծառայության տարածքային կենտրոններում, որոնք խորհրդատվություն են տալիս կրթության համակարգից դուրս գտնվող, աշխատանքի կարիք ունեցող մարդկանց:
Իսկ ի՞նչ մեթոդով են տարվելու աշխատանքները. «Օրինակ կմշակենք աշխատանքային գործիքներ` ֆիլմեր, թեստեր, կփոխանցենք դպրոցներին, և այդ մասնագետների համար կտրամադրենք համապատասխան ուղեցույցներ: Նրանք արդեն կաշխատեն երեխաների հետ»,- ասաց Հայկուհի Գևորգյանը:
Իսկ համալսարանների կարիերայի կենտրոններին, օրինակ, կսովորեցնեն, թե ինչպես կազմակերպել կարիերայի տոնավաճառներ: «Սա համակարգային մոտեցում է, որը կարող է 3-5 տարի հետո հանրապետության մասշտաբով կարող է ունենալ արդյունավետության գնահատման չափանիշներ»,- ասաց Հայկուհի Գևորգյանը: