Իրավաբաններ. «Փաստաբանների մենաշնորհը չէ» (տեսանյութ)
«Փաստաբանների մասին» օրենքը թեև փոփոխվել է գրեթե մեկ տարի առաջ՝ հունվարի 19-ին, այն մինչ օրս առաջացնում է իրավաբանների զայրույթը։ Փոփոխվել է օրենքի 5-րդ հոդվածը՝ ըստ որի դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը՝ որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը։ Որոշ իրավաբանների կարծիքով այս փոփոխությունը հանգեցնում է փաստաբանական մենաշնորհի։ «Սա կհանգեցնի նրան, որ ձեռնարկությունները աշխատանքի չեն վերցնի իրավաբաններին, քանի որ նրանք փաստաբան չեն»,- այսօր լրագրողներին ասաց իրավաբան Վրեժ Վասիլյանը։
Ըստ նրա ձեռնարկությունները իրավաբանների աշխատանքի չեն վերցնի այն բանի համար, որ ցանակացած դատական գործի դեպքում նրանք ստիպված կլինեն դիմել փաստաբանի օգնությանը։
Այս օրենքի փոփոխության հեղինակներից մեկը՝ Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանն ասում է՝ այս առումով իրավաբանները թյուրիմացության մեջ են։
Պարոն Բաղդասարյանը պարզաբանում է օրենքը. «Յուրաքանչյուր անձ, որն աշխատում է որևէ հիմնարկում աշխատանքային պայմանագրով, կարող է տվյալ հիմնարկի շահերը դատարանում պարբերաբար և աշխատավարձ ստանալու դիմաց ներկայացնել։ Այս օրենքն այդ արգելքը չունի»։
Փաստաբանության դպրոցի տնօրենն ասում է, որ խոսքը միայն դեպքերի մասին , երբ ծառայությունը մատուցվում է ոչ թե տվյալ կազմակերպության աշխատողի կողմից, այլ երբ ընկերությունը փաստաբանական ծառայության պայմանագիր է կնքում որևէ իրավաբանի հետ։
Օրենքը չի արգելում, որ ոչ փաստաբանական կամ իրավաբանական կրթություն ունեցող անձը դատարանում առանց որևէ շահույթ հետապնդելու ներկայացնի ինչ-որ մեկի շահերը։ «Օրենքը միայն արգելում է այդ ծառայության համար գումար վերցնել»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը։
Իսկ եթե որևէ անձ ցանկանում է դատարանում ինչ-որ մեկի շահերը ներկայացնելով՝ վճարովի ծառայություն մատուցել, նա պարտավոր է Փաստաբանության դպրոցից փաստաբանի լիցենզիա ձեռք բերել։
Լիցենզիան ձեռք է բերելու համար դպրոցում պետք է վերապատրաստվել 1 տարի՝ դրա դիմաց վճարելով 400 հազար դրամ։ Իրավաբանները այս հարցում ևս դժգոհ են։ Ասում են՝ գումարը չափազանց մեծ է։ «Դուք կարող եք համեմատել ՀՀ բուհերի հետ, և կտեսնեք, թե ինչ արժէ 1 տարվա ուսուցումը այդ բուհերում, և ինչ արժե ուսուցումը ՀՀ փաստաբանության դպրոցում»,- հակադարձում է Նիկոլայ Բաղդասարյանը։
Այստեղ կա մեկ բացառություն՝ Փաստաբանության դպրոց կարող են ընդունվել միայն մասնագիտությամբ իրավաբանները։