Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքն  է խախտվել

Հասարակություն
ab542a47cd481d41b8d9eeb15bce95ea

Մեսրոպ Հարությունյան

ՀՀ Աժ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնի ձայնագրության տարածումը լրատվության միջոցներով ոչ միայն անընդունելի է լրագրողական էթիկայի տեսակետից (եթե, իհարկե, այն տարածողներն  ընդունել են խաղի էթիկական կանոններ), այլեւ ուղղակիորեն խախտում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ՝ «Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները»  հոդվածի պահանջը (մեջբերում եմ ըստ ՀՀ ԱԺ կայքում  հրապարակված պաշտոնական տեքստի. տես՝http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1890&lang=arm).

«2. Արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, եւ այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար եւ դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաեւ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար»:

Ակնհայտ է, որ երկու պատգամավորները զգուշացված չեն եղել ձայնագրության մասին, ակնհայտ է, որ նրանք ակնկալել են, թե գտնվում է ձայնագրությունը կատարողի տեսադաշտից դուրս, իսկ թե դրա համար ձեռնարկել են բավարար միջոցներ, թե ոչ արդեն կարեւոր չէ, քանի որ մեզ հայտնի չէ ձայնագրման վայրը. չէ՞ որ հնարավոր է նրանք սրճարանի առանձնացված հատվածում են եղել:

Ինչ վերաբերում է հոդվածի երրորդ մասի բացառությանը, ապա չեմ կարծում, թե այդ զրույցը տարածվել է հանրային շահերի պաշտպանության նպատակով կամ որ հանրային շահն այստեղ գերակա է:

Հ. Գ. Այս մեկնաբանության համար բացառություն եմ անում եւ թույլ եմ տալիս իմ բլոգին հղումով ազատորեն հրապարակել՝ առանց հեղինակին նախապես իրազեկելու:

http://mesropharut.wordpress.com/2012/12/17/89-2/