Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքվում են «Ֆուլբրայթ»-ի շրջանավարտները

Հասարակություն
f66bcd067d7f4d3b98850ec571c64e11

Դեկտեմբերի 15-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի կունենա Հայաստանում «Ֆուլբրայթ» ծրագրի գործունեության և Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված Հայաստանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտների գիտական համաժողովը:

Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան:

«Ֆուլբրայթ» ծրագիրը հիմնադրվել է 1946 թվականին ԱՄՆ Կոնգրեսի սենատոր Ուիլլիամ Ֆուլբրայթի կողմից: Ծրագրի նպատակն է գիտելիքի, հմտությունների ու գիտնականների փոխանակման միջոցով նպաստել ԱՄՆ ժողովրդի և այլ երկրների քաղաքացիների միջև համագործակցությանն ու փոխադարձ ընկալմանը:

«Ֆուլբրայթն» այն եզակի ծրագրերից է, որը Հայաստանի անկախության առաջին տարիներից սատար կանգնեց հայ գիտնականներին՝ հնարավորություն ընձեռելով կապեր հաստատել ամերիկյան առաջատար գիտական հաստատությունների և կենտրոնների հետ, հաղորդակից դառնալ գիտության նվաճումներին և զարգացումներին, ինտեգրվել միջազգային գիտական համայնքին:

Հայաստանից «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտներ են լեզվանաբության, գրականության, սոցիոլոգիայի, փիլիսոփայության, քաղաքագիտության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, բժշկության, կենսաբանության, քիմիայի, մարդաբանության, նյարդավիրաբուժության և տնտեսագիտության ոլորտները ներկայացնող 68 գիտնական:

Հայաստանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտների գիտական համաժողովին կմասնակցեն 20 ֆուլբրայթականներ, ովքեր հանդես կգան պատմության, տեխնոլոգիաների, տնտեսագիտության, կենսաբանության, քիմիայի, բժշկագիտության և այլ ոլորտների վերաբերյալ գիտական զեկուցումներով: Գիտաժողովի մուտքն ազատ է:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը, համաժողովի կազմ. կոմիտեի քարտուղար, «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտ Ռուբեն Միրաքյանը և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ։