Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացօթյա համերգ Ծիծեռնակաբերդի բարձունքում (տեսանյութ)

Մշակույթ
2bfedc166dc40e706c941955d5416a1d

14-19 տարեկան 24 երաժիշտներից կազմված Շվեդիայի Հալմստադ երաժշտական լարային նվագախումբը այսօր նվագում էր Ծիծեռնակաբերդի բարձունքում: Նվագախմբում նաեւ հայ երաժիշտ կա՝ Անուշ Մուրադյանը։ Հենց նրան է պատկանում Հայաստան այցելելու գաղափարը։

Պատանի երաժիշտներն առաջին անգամ են Հայաստանում, սակայն մինչ մեր երկիր այցելելը արդեն ուսումնասիրել եւ ծանոթացել էին 1915թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պատմությանը:

« Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ այստեղ նվագելը, շատ զգացմունքային էր, հազիվ ներսում պահեցինք բոլոր զգացմունքները։ Ինձ համար շատ կարևոր էր, որ նրանք նույնպես հարգեն մեր ցեղասպանության զոհերին»,-ասաց Անուշ Մուրադյանը։

Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոն այս այցով կարեւորում է ոչ միայն հայոց պատմության դրվագներից մեկին ծանոթանալու հնարավորությունը, այլեւ հայ եւ շվեդ երեխաների շփումը։

«Սա շատ կարևոր է հատկապես Եվրոպայի համար, որպեսզի չմոռանան, թե ինչ է կատարվել, հիշեն, ցավեն, ընդունեն և գնահատեն հանուն ազատության։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ հատկապես երիտասարդները շփվեն միմյան հետ»,-ասաց նա։
Ծիծեռնակաբերդում համերգից բացի Շվեդիայի Հալմստադ քաղաքի լարային նվագախումբը մայիսի 16-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում համատեղ ելույթով հանդես կգա ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական կամերային նվագախմբի հետ։Իսկ մայիսի 17-ին ելույթ կունենա Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ Պատանի երաժիշտները շրջագայել են աշխարհի տարբեր երկրներում։ Հանդես են եկել Դանիայում, Անգլիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլուր: