Հուշագիր ստորագրվեց ֆրանսիացիների հետ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով Հայաստանում է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը:
Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր` մարտի 19-ին:
ՀՀ ՏՄՊՊՀ-ի և Ֆրանսիայի մրցակցային մարմնի հետ երկկողմ համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղութուններով: Ֆրանսիայի մրցակցային մարմինը կօժանդակի ՏՄՊՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մասնավորապես վերապատրաստման նպատակով կկազմակերպվեն ուսումնական այցեր:
Ֆրանսիացի փորձագետների մասնակցությամբ պարբերաբար կկազմակերպվեն սեմինարներ և կոնֆերանսներ, բացի այդ, վերջինները կտրամադրեն խորհրդատվություն` ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող ապրանքային շուկաների ոլորտային ուսումնասիրությունների ժամանակ: Հուշագրով նախատեսված է նաև փոխանակել տեղեկատվություն` հայ-ֆրանսիական ընկերությունների հանդեպ իրականացվող վարույթների կամ ուսումնասիրությունների ժամանակ:
Ֆրանսիայի մրցակցային մարմինը ունի քսանհինգ տարվա պատմություն: Բ. Լասերը ղեկավարում է այն 2004 թվականից: