Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րտեղ էր Դաշնակցությունը մինչեւ 2008-ը

Տնտեսություն
66f579d7a3719e71cdbc62053135afee

Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը մենաշնորհների առկայությունն է։ ՀՀԿ, ՀՅԴ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների եւ ՀԱԿ ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կայացած տնտեսական քննարկման ժամանակ այս հարցում համակարծիք էին ընդդիմադիրները ։

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նշեց, որ մենաշնորհների ակայությունը մեր երկրում զուտ քաղաքական խնդիր է։ Ըստ նրա, մենաշնորհները ձեռնտու են իշխանություններին. «որպեսզի Հայաստանում չլինի մրցակցություն ոչ քաղաքական, ոչ տնտեսական ոլորտներում, ոչ էլ ընդհանրապես հասարակական կյանքում՝ լինի մամուլ, մշակույթ թե կրթություն»։

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, անհրաժեշտ է օրենսդրորեն բացառել մենաշնորհների առկայությունը, այլ ոչ թե պայքարել դրանց դեմ։ Նրա հայտարարությունը հարուցեց իշխանական թեւի միակ ներկայացուցչի՝ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի տարակուսանքը։

«Եթե հիշողությունս չի դավաճանում, 2000-ից մինչեւ 2008-ը ՀՅԴ-ը կառավարության կազմում էր, ի՞նչն էր խանգարում Դաշնակցությանը հայտարարել, որ մրցակցային օրենսդրությունը պետք է փոխարինել հակամենաշնորհայինով։ Դուք գովաբանում էիք նախորդ կառավարությունը, հենց կոալիցիայից դուրս եկաք, կառավարությունը դարձավ շատ վա՞տը», - հարցրեց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախորդ կոալիցիոն կառավարությունը որոշակի հաջողությունների հասել է, սակայն «գործող կառավարությունը կանգնել է բարեփոխումների կես ճանապարհին»։

Որպես տնտեսության բնագավառում ՀԱԿ հիմնական ծրագրային խնդիր, Վահագն Խաչատրյանը նշեց շուկայական տնտեսության վերականգնման անհրաժեշտությունը եւ 90-ականներին սկսված, այնուհետեւ ընդհատված ազատական տնտեսության ձեւավորմանն ուղղված բարեփոխումների վերականգնումը։ Այս առիթով նա հիշեց 2004-ից հետո Վրաստանում ազատական բարեփոխումների հեղինակ Կախա Բենդուկիձեի խոսքերը. «Տնտեսական բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը 90-տոկոսով նույնն են»։

Անդրադառնալով տարբեր գաղափարական դաշտերում գործող ուժերի քաղաքական համագործակցության մասին դիտարկմանը, պարոն Խաչատրյանը նշեց, որ տնտեսվարման ձեւերին վերաբերող գաղափարական տարբերություններն այսօր պայմանական բնույթ են կրում։
«Հայաստանի առջեւ կանգնած տնտեսական խնդիրները կարող են միավորող դառնալ նույն Դաշնակցության, ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» կամ մեկ այլ ուժի կողմից», - ասաց նա։

Իր հերթին Վարդան Այվազյանը հավաստիացրեց, որ իշխանական կոալիցիան հաշվի է առնում ընդդիմադիր գործընկերների տեսակետները՝ սոցիալ-տնտեսական տարբեր հարցերի շուրջ։ Նա հիշեցրեց, որ կոալիցիան ընդունել եւ օրենսդրության մեջ է ներառել ՀԱԿ-ի «100 քայլ» համակարգային բարեփոխման ծրագրի որոշ դրույթներ, առանց մանրամասնելու, թե հատկապես ո՞ր ոլորտներում։