Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

Սպորտ

Այսօր «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության (լիազորված անձ Արմեն Մինասյան) եւ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության (նախագահ Ռուբեն Հայրապետյան) վերակազմավորման կոնֆերանսը: Համատեղ ժողովի օրակարգում ընդգրկված էին նաեւ այլ կարեւոր հարցեր:

ՀՖՖ 2003թ. հաշվետվության հաստատման մասին զեկույցը ներկայացնելիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ նաեւ ողջույնի խոսքով եւ նշեց, որ իր ղեկավարությամբ մենք ունեցել ենք մարզական լուրջ ձախողումներ, միաժամանակ եղել են ոգեւորիչ ձեռքբերումներ:

Նա հայտնեց, որ ներկայումս ՀՖՖ-ն մեծ ֆինանսական պարտքեր ունի, քանի որ ֆեդերացիայի նախկին ղեկավարները մեծ գումերներ են հափշտակել:

Հատկապես ապչեցուցիչ էր ՀՖՖ-ի 90-ականների միջնամասում գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Պավել Խաչատարյանի գործունեությունը: Նա «Սպորտ ֆայվ» ընկերությունից ֆեդերացիայի հովանու ներքո 1մլն դոլար է վերցրել եւ փոխանցել Մոնակոյի բանկում ունեցած իր հաշվեհամարին:

Ֆեդերացիայի նախկին գործադիր տնօրեն Արման Հովհաննիսյանը նույն մեթոդով «Սպորտ ֆայվից» 135 հազար դոլար է կորզել: Եղել են նաեւ այլ թալաններ: «Եթե այս գումարները ներդրվեին հանրապետությունում ֆուտբոլը զարգացնելու համար, ապա հիմա մենք այլ իրավիճակում կլինեինք: Այնպես որ ինձ լավ ժառանգություն չի փոխանցվել», - ասաց ՀՖՖ-ի նախագահը:

Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ այս գործով կզբաղվեն իրավապահ մարմինները: Կոնֆերանսի ընթացքում վերակազմավորվեցին նաեւ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը եւ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը: Այսուհետու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կունենա» իրավաբանական անձանց միություն կարգավիճակը:

Այս որոշումը ինչպես նաեւ մյուս օրակարգային հարցերը ընդունվեցին միաձայն:

Կոնֆերանսին մասնակցեց նաեւ Լյուքսեմբուրգի ֆեդերացիայի նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեյի անդամ Հենրի Ռոյմերը։