Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստվերային տնտեսությունը 30-50 տոկոս է» (տեսանյութ)

Տնտեսություն
8a50df8d56d17b25d6b2f35dc1cba11b

«Տարբեր գնահատականներով, ստվերային տնտեսությունը երկրում տատանվում է 30-ից 50 տոկոսի սահմաններում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ բացատրեց, թե ինչպե՞ս է իշխանությունն անձեռնմխելի պահում իր ստվերային եկամուտը։

«2008-ին ծրագրվում էր, որ 2012-ին ՀՆԱ-ն նոմինալ պետք է կազմի 5 տրիլիոն 570 միլիարդ, մինչդեռ բյուջեով մյուս տարի հաստատվող շռնդալից թիվն է` 4 տրիլիոն 275 միլիարդ դրամ, այսինքն՝ 25 տոկոս պակաս»,-տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին ղեկավարը:

Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ իշխանությունը համաշխարհային ճգնաժամի միջով է անցել. «Դիմադրել է իշխանությունը»:

«Ի՞նչ, դիմադրելու արդյունքում է 15 տոկոս անկում եղել»,- հակադարձեց Բագրատ Ասատրյանը:

Իսկ թե ուրիշ ի՞նչ կարող էր անել իշխանությունը, Վարդան Այվազյանը վկայակոչեց հարկային փաթեթը: Նա ասաց, որ այդ փաթեթից գոհ է՝ մեկ ու կես ամիս աշխատել են դրա վրա: Բագրատ Ասատրյանն էլ դժգոհ չէր։ իշխանությունն, ըստ նրա, կարող է հավաքել հավելյալ 101 միլիարդ դրամ։

«Միլիարդը դա գնաճային եւ սպասվող տնտեսական աճը, հարկային մուտքերը ապահովող պետք է լինի»,- բացատրեց Բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետն այլ մտահոգություն ունի` տարին փակվում է, մինչդեռ ոչ մի հարկատու չգիտի, թե ի՞նչ նոր հարկեր են ծանրանում իր վրա։

«Ընդամենը 50 օր հետո մենք քաղաքացիներին եւ մեր հարկատուներին կանգնեցնելու ենք փաստի առաջ»,- գուժեց տնտեսագետը:

Բագրատ Ասատրյանն ասում է, որ Ազգային Ժողովը պետք է թույլ չտա, որ փաթեթում արվող փոփոխությունները աշխատեն հաջորդ տարվանից. «պետք է աշխատեն մեկ, երկու, երեք տարի հետո»:

Պատգամավոր Վարդան Այվազյանը չարձագանքեց։ Իսկ փաթեթն ընդունվելու է առաջիկա լիագումար նիստում եւ աշխատելու է մյուս տարվանից: