Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է էժան դեղը (տեսանյութ)

Տնտեսություն
61a6286189ac92f2ecec3cf113f48823

Հայաստանում տեղական արտադրության դեղերը զբաղեցնում են շուկայի ընդամենը 6 տոկոսը։ Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը` Բժշկական համալսարանում կազմակերպված ամենամյա 4-րդ Միջազգային դեղագործության մրցունակության համաժողովի ընթացքում։

«Մենք պետք է ազգաբնակչությանը ապահովենք էժան դեղերով։ Բայց էժան` չի նշանակում անորակ։ Կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի ունենանք պատշաճ արտադրական գործունեություն։ Դա հնարավորություն կտա ոչ միայն մեր արտադրանքը արտահանել, այլև մեր ազգաբնակչությանը ապահովել բարձր արդյունավետություն ունեցող դեղերով»,-ասաց Հակոբ Թոփչյանը։

«Հայկական ծագում ունեցող նոր դեղեր չունենք և չեմ կարծում, որ մոտակա 5 տարիների ընթացքում կունենանք»,-ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանը առաջիկայում դեղերի արտադրության ոլորտում կստեղծի բրենդներ, ինչպես եղավ ՁԻԱՀ-ի կանխարգելման համար ստեղծված «Արմենիկում»-ի դեպքում։

Հարցին թե. վերջերս հաճախակի դարձած դեղորայքային թունավորումներն արդյո՞ք ցածրորակ դեղերի հետեւանք չեն, Թոփչյանը պատասխանեց որ ոչ։ Նա հավաստիացնում է, որ այսօր ՀՀ-ում դեղորայքային թունավորումներ չկան, իսկ թունավորման դեպքերը հիմնականում կամ ինքնասպանության փորձեր են կամ դեղերի սխալ կիրառման հետևանք։

«Մեդիքալ Հորիզոն» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Հեղինե Ումրշատյանը ևս պատճառ չի տեսնում Հայաստանում վաճառվող դեղորայքին չվստահելու համար։

«Շուկա մտնող յուրաքանչյուր պրեպարատ ենթարկվում է փորձագիտական վերլուծության, հետո նոր մտնում դեղատուն։ Իսկ ինչու՞ չվստահել»,-ասաց նա։

Համաժողովին մասնակցում են ավելի քան 400 բժիշկներ, դեղագետներ և փորձագետներ ամբողջ Հայաստանից, ինչպես նաև պատվիրակություններ Եվրոպական և ԱՊՀ երկրներից։ Համաժողովին զուգահեռ անցկացվում էր Հայաստանում արտադրվող, ինչպես նաև հայկական շուկայի առաջատար դեղերի ցուցահանդես։