Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթերի ստորագրում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հայաստան – ԵՄ առաջին գագաթնաժողովին հաջորդող համատեղ հռչակագիր

Մենք՝ Հայաստանի Հանրապետության (Հայաստան) և Եվրոպական միության (ԵՄ) առաջնորդներս, 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում անցկացրեցինք Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը և հանգեցինք հետևյալ եզրակացություններին.

 

1. Այսօրվա գագաթնաժողովը նշանակալի պատմական հանգրվան է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման գործում: Այն արտացոլում է վերջին տարիների զգալի ձեռքբերումները և մեր գործընկերության ռազմավարական կարևորությունը, որը շոշափելի օգուտներ է բերում մեր քաղաքացիներին և բիզնեսին: ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ և սատարելու Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և բարեփոխումների համապարփակ օրակարգին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հարգման, ինչպես նաև նրա երկարաժամկետ զարգացման վրա՝ մոտեցնելով Հայաստանն ու նրա ժողովրդին Եվրոպական միությանը: ԵՄ-ն նաև սատարում է երկկողմ գործընկերությունն ակտիվացնելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ոլորտային ինտեգրման և ԵՄ օրենսդրությանը (acquis) մերձեցման միջոցով:

 

2. ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք խարսխված են 2025 թվականի մարտի «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի» ընդունման վրա՝ արտահայտելով երկրի մտադրությունը շարժվել դեպի ԵՄ:

 

3. Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի նրա քաղաքացիների կողմից՝ ազատ և ժողովրդավարական ճանապարհով:

 

4. Մենք ընդունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ կառուցելու խորը և կայուն ժողովրդավարություն, ինչպես սահմանված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգում: Այս փաստաթղթերը տալիս են հավակնոտ քաղաքական շրջանակ, որն առաջնորդելու է մեր համագործակցությունը գալիք տարիներին: Այս համատեքստում էական է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը երկկողմ պարտավորությունների իրականացման մշտադիտարկման գործում:

 

5. Մենք ողջունում ենք 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում հաջողությամբ անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը:

 

6. Հայաստանը և ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ իրենց հանձնառությամբ: Մենք վերահաստատում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները: Մեր երկկողմ հարաբերությունների խորացումը ներդրում է Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղության, կայունության և բարօրության գործում:

 

7. Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն էլ ավելի ինստիտուցիոնալացնելու և խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն ապահովելու ջանքերը: Մենք նաև ողջունում ենք 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և դրան հաջորդած քայլերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Բացի այդ, ԵՄ-ն լիովին աջակցում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ներառական վերաբացմանը՝ հիմնված ինքնիշխանության, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիության և փոխադարձության սկզբունքների վրա: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության ներդրումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման գործում: