Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Անձնական գծեր են անցել, որի համար առնվազն պատասխան եմ ուզելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Մենք նախագահի հետ այդ թեմայով խոսելու առիթ ունեցել ենք։ Բայց այդ հարցի միակ պատասխանը կարող է տալ Ռոբերտ Քոչարյանը, դա իր իրավունքն է։ Քոչարյանը շատ հստակ իր տեսակետն ասել է, Սերժ Սարգսյանն էլ՝ արձագանքել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երկրորդ և երրորդ նախագահների կամ նրանց թիմերի միջև առկա լարվածությանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, թե ամենաշատը զղջում է իր ժառանգորդի հարցում՝ որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն է հաջորդել իրեն։ Վերջինս էլ պատասխանել էր, թե Ռոբերտ Քոչարյանի քննադատություններն ու դժգոհություններն իր համար նորություն չեն։

«Գրեթե երկու տասնամյակ այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք»,- արձագանքել էր Սերժ Սարգսյանը:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ թեև ինքը գիտի այդ քննադատությունների ու դժգոհությունների պատճառը, որ շատ ասելիք ունի, թե նախկին երկու նախագահներին սատարող ուժերն ինչու են միմյանց քննադատում, բայց նախընտրական շրջանում չի ցանկանում դրանց անդրադառնալ։ Եվ որ հիմա իրենց թիրախն իշխանություններն են։

«Միաժամանակ՝ ֆիքսում եմ, որ շատ ուղղորդված, շատ հետևողականորեն, շատ կոնկրետ շրջանակների կողմից մենք թիրախավորվում ենք։ Շատ հստակ ուղիղ գծեր են անցել, նաև անձնական գծեր են անցել, որի համար առնվազն ես պատասխան ուզելու եմ շատ շատերից»,- շեշտեց նա։

Այնուամենայնիվ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը գտնում է, որ այսօր ընդդիմադիր ուժերը պետք է 3 կարմիր գծեր հռչակեն՝ որևէ պարագայում չմիանան իշխանություններին, համագործակցեն ընդդիմադիր ուժերի հետ և չթիրախավորեն միմյանց։

Մանրամասները՝ տեսանյութում։