Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարաջանովն այսօր էլ «կնստեր», ինչպես Ստալինի օրոք (տեսանյութ)

Մշակույթ
24d1af21e348e69ff106f0ec3b26ca03

«Փարաջանովի թանգարանը նրա արվեստն է, նրա աշխարհն ու իր ժամանակաշրջանի պատկերը»,- «Ա1+»-ին ասաց թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանը: Ասաց նաև, որ հոբելյանը լրացել է հուլիսին, բայց որոշել են չխախտել արդեն տարիների ընթացքում ձևավորված ավանդույթը՝ աշնանային օրերից մի օր Փարաջանովի հարկի տակ հավաքվել նրա մտերիմներին ու արվեստի նվիրյալներին։

Այսօր այդ աշնանային օրն է։ Արդեն 20 տարվա պատմություն ունեցող թանգարանում։ Կհիշեն նրան, որը Տոնինո Գուերայի ու Յուրի Նորշտեյնի բնորոշմամբ՝ «նյութականացրեց ոգին» ու «ձեռքերով պոեզիա արարեց»:

Թանգարանի հիմնադիրը հիշեց իրեն ուղղված՝ Սիլվա Կապուտիկյանի խոսքերը, թե. առաջ Հայաստան էին գալիս Գառնի, Գեղարդ, Սևան ու Մատենադարան տեսնելու, հիմա գալիս են նաև տեսնելու Փարաջանովի թանգարանը:

Մեր հարցին, թե ի՞նչ կասեր Փարաջանովը մեր իրականության մասին, եթե ողջ լիներ, Զավեն Սարգսյանը պատասխանեց՝ «Ժամանակին Փարաջանովն ասում էր՝ ես նստել եմ Ստալինի օրոք, նստել եմ Բրեժնևի օրոք ու երևի թե էլի կնստեմ»:

Թանգարանը շարունակում է համալրվել: Վերջերս նվեր է ստացել բացառիկ մի նմուշ: Փարաջանովի ընկերոջ, դերասան Թաթուլ Դիլաքյանի որդին՝ նկարիչ Հովիկ Դիլաքյանը, որ բնակվում է ԱՄՆ-ում, ուղարկել է 1980 թվականին Փարաջանովի գրչով նկարազարդված իր սպիտակ շապիկը: Նման մի շապիկներ Փարաջանովը ժամանակին նվիրել էր Ֆեդերիկո Ֆելինիին ու Ֆրանսուազ Սագանին: