Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Համասյանը նվագեց հայերի համար (տեսանյութ)

Մշակույթ
beccddc3553a25e64c8dd2323dec3d9b

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Տիգրան Համասյան սոլո տրիոյի» բարեգործական համերգաշարի եզրափակիչ ելույթը:

Հանդիսատեսը կարճ ժամանակով վերացարկվեց առօրյա հոգսերից եւ ընկղմվեց Տիգրան Համասյանի գլխապտույտ երաժշտության՝ սահմաններ չճանաչող, իր տարածականությունն ունեցող, թափանցիկ ու զրնգուն, ճշմարիտ ու հիասքանչ արվեստի աշխարհը:

«Տիգրան Համասյան սոլո տրիոյի»`դաշնամուր` Տիգրան Համասյան, բաս` Սամ Մինայե, հարվածային գործիքներ` Արի Հոենիգ բարեգործական համերգաշարը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, ի նպաստ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի։ Կազմակերպել էր PanARMENIAN Media-ն, Տիգրան Համասյանի "Universal Music" ընկերությունում թողարկած՝ "A Fable" ձայնասկավառակի ընծայման առթիվ:

Ինչպե՞ս կդասավորվեր նրա ճակատագիրը, եթե 2000-ի Երևանյան ջազային փառատոնին հայտնի ջազմեն ու փառատոնների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը չլսեր 13-ամյա պատանու կատարումը ու չհրավիրեր մասնակցելու Ֆրանսիայում մեծահասակների համար կազմակերպված մի քանի փառատոներին, դժվար է ասել:

Փաստն այն է, սակայն, որ այսօր բազմաթիվ հեղինակավոր մրցույթների հաղթող, ջազի համաշխարհային աստղերի հետ ելույթներ ունեցող Տիգրան Համասյանն իր սերնդակից, տաղանդավոր երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանի, Նարեկ Հախնազարյանի ու շատ շատերի նման ապրում ու ստեղծագործում է հայրենիքից դուրս:

Ի դեպ, ջազը Տիգրան Համասյանի համար, իր իսկ խոսքով, ընդամենը գործիք է՝ հայկական ժողովրդական երաժշտություն կատարելու համար: