Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը
Աջակցիր «Ա1+»-ին2001 թվականի հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր (ՈԴՀՌ) ԲՀ-ի Սարյան 1ա հասցեում գործող գրասենյակում գրանցվեցին ոսկրածուծի և ցողունային բջիջների առաջին կամավոր հայ դոնորները։ Այդ օրվանից, ՀՀ կառավարության որոշմամբ՝ հունվարի 8-ը Հայաստանում նշվում է որպես Ոսկրածուծի Դոնորների օր:
Այսօր ռեեստրը հպարտությամբ կարող է խոսել իր ձեռքբերումների` կամավորագրված ավելի քան 35.000 դոնորների, 44 փոխպատվաստումների մասին: Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից: Նրանց մեջ կան բուժաշխատողներ, զինվորականներ և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում է մարդասիրությունը և հիվանդներին օգնելու մեծ ցանկությունը:
2025 թվականը առանձնացավ հենց Հայաստանում՝ ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կատարված մանկական և մեծահասակների ալոգեն փոխպատվաստումներով, որոնց դոնորների ընտրության հարցում որոշիչ են Ռեեստրի լաբորատորիայում կատարված HLA տիպավորումները։
Այսպիսով, այս համագործակցության արդյունքում, Հայաստանում այլևս իրականություն է ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման ամբողջական գործընթացը։
Ռեեստրը անդամակցում է փոխպատվաստման բնագավառում բոլոր հեղինակավոր կառույցներին՝ WMDA, EFI, NMDP, EMDIS: Ռեեստրի բոլոր աշխատակիցները ունեն միջազգային որակավորում: Իր 26 ամյա գործունեության ընթացքում Ռեեստրը ջանքեր չի խնայել ոչ միայն Հայաստանում փոխպատվաստման գործընթացի կայացման այլ նաև լաբորատոր գործունեության միջազգային չափանիշների պահպանման գործում։ Ռեեստրը սերտ համագործակցում է ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության, «Արաբկիր», «Աստղիկ» և այլ հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ։