Գիլյոտին՝ հայկական բյուրոկրատիայի համար
Կառավարությունն այսօր ընդունել է մի որոշում, որը վարչապետի գնահատմամբ՝ պայմանականորեն անվանում են գիլյոտինի համակարգ։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ ստեղծելու և տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրին։
Մասնավորապես նախատեսվում է ստեղծել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ, հաստատել Արդյունավետ կառավարման օրակարգ։
Ենթադրվում է, որ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող խորհրդի կազմում կընդգրկվեն ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների նախարարները։
«Ստեղծվող խումբն ըստ ոլորտների անցնելու է բիզնես գործընթացներով։ Մենք կրճատելու ենք այդ բիզնես գործառույթները՝ նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, ավելորդ գործառույթները, կրկնությունները, անիմաստ թույլտվությունները։ Ծրագրում ենք, որ բյուրոկրատական գործառույթներն առնվազն 30 տոկոսով կկրճատվեն»,- ասել վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ այս հարցում կա միջազգային կազմակերպությունների աջակցությունը, նաև գրանտային միջոցներ, որպեսզի նորաստեղծ կառույցն ունենա ֆինանսավորում ու լիակատար կերպով սկսի իրականացնել այս միջոցառումը։
«Եթե երկարաժամկետ հեռանկարով դիտարկենք այս խնդիրը, ապա սրա արդյունքում անհրաժեշտություն է լինելու կրճատել պետական ապարատը, ավելորդ աշխատատեղերը, բաժինները, վարչությունները և մատուցվող ծառայությունները։ Իհարկե, սրա արդյունքում կբարձրացվի աշխատանքի որակը, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Սա արմատական բարեփոխումներ իրականացնելու լավագույն գործիքներից մեկն է լինելու»,-ասել է Տիգրան Սարգսյանը։