Ալաբինան Երեւանում է (տեսանյութ)
13 տարի անց երկրորդ անգամ մենահամերգով ժամանելով Հայաստան` ծնունդով իսրայելցի աշխարհահռչակ երգչուհի Ալաբինան լիահույս է, որ կգտնի այն նույն ջերմությունը, ինչը զգացել էր երևանյան իր առաջին համերգի ժամանակ:
Հայկական երաժշտությանը երգչուհին ծանոթ է, մասնավորապես համաշխարհային շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերով: Նրա համոզմամբ` հայկական երաժշտությունը շատ լիրիկական է:
«Հայկական երաժշտություն լսեցի ռադիոյով, երբ առաջին անգամ էի այստեղ, տպավորված էի, նրան խառնված էին իրանական, պարսկական ելևէջներ, արևելյան երկրների հնչյունները միշտ առկա են հայկական երաժշտության մեջ»,- կարծում է Ալաբինան:
Երևանյան համերգին երգչուհին կներկայացնի հին ու սիրված հիթեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ: Բեմում նրա հետ կլինի նաև հայտնի ռեփեր Ջին-Մայքլ Սիսսոկոն, որին համագորածակցության առաջարկ է արել հենց երգչուհին: «Բեմը միշտ պետք է կիսել այն արտիստների հետ, ովքեր արժանի են բեմում լինել»,- նշեց Ալաբինան:
Սիսսոկոն ևս ուրախ է համագործակցության համար. «Ես մի երաժշտական բնագավառից եմ, որը դուրս է գալիս հիփ-հոփից: Իսկ Ալաբինայի հետ առաջին ձայնագրությունից հետո հասկացա, որ նա այն երգչուհին է, որի հետ կարող եմ համագործակցել և կարող եմ այնպիսի ճանապարհորդություններ ունենալ, ինչպիսին սա է, երբ առաջին անգամ առիթ ունեցա գալ Հայաստան»,-ասաց ռեփերը:
2007 թ. լույս աշխարհ բերելով իր երկվորյակներին` երգչուհու ստեղծագործական կյանքում 1 տարի դադար է լինում: Արդեն 4 տարի նա աշխատում է իր 2 ալբոմների վրա: Երգչուհին պատմում է, որ իր աղջիկն ու տղան շատ երաժշտական երեխաներ են, և ինքը երբեք դեմ չի լինի, եթե նրանք մի օր ընտրեն իր ճանապարհը:
Համերգը տեղի կունենա վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մինչ այդ, երեկ ժամանած երգչուհին մտադիր է այօր ունեցած ազատ ժամանակն օգտագործել Հայաստանի պատմամշակութային վայրեր այցելելով:
Նշենք, որ համերգը կազմակերպում է «Նուռ Փրոմոշենզ» ընկերությունը: