
Փոխվարչապետը Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ անդրադարձել է Արցախի շրջափակման խնդրին
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում:
Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը:
Դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին: