Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը հայտնվել է Հայաստանի հավաքականի կարգավիճակում
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի հրաժարականից հետո երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնվել է լուրջ տարակուսանքի մեջ:
Ֆուտբոլային հանրությունում խոսակցություն է գնում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում արտասահմանցի մասնագետ հրավիրելու մասին: Արդեն նշվել են մի քանի թեկնածուների անուններ՝ մասնավորապես իսպանացի Պեպ Գվարդիոլան և իտալացի Կառլո Անչելոտին: Վերջինս խոսելով որևէ ազգային հավաքական գլխավորելու մասին, հայտարարել է, որ 2026թ աշխարհի առաջնության ժամանակ շատ հնարավոր է լինի ազգային թիմերից մեկի մարզիչը:
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խստորեն քննադատել է արտասահմանյան մասնագետների կողմնակիցներին:
«Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր պաշտպանում են օտարերկրյա մարզչի գաղափարը: Կարծում եմ, որ դա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է մեր մարզիչների նկատմամբ: Կան շատ մասնագետներ, որոնք կարող են լավ աշխատանք կատարել «Սելեսաոյի» հետ, ինչպիսիք են Ռոժերիո Սենին, Ռենատո Գաուչոն, Կուկան, Ֆերնանդո Դինիզը և Դորիվալ Ժունիորը: Արտասահմանցի մարզիչ բերելով չի նշանակում, որ մենք պարտադիր կհաղթենք աշխարհի հաջորդ առաջնությունում: Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն հենց իր երկրի հավաքականի հետ, որպեսզի ուրախացնի իր հայրենակիցներին: «Սելեսաոն» մերն է, և այն պետք է առաջնորդեն նրանք, որոնց երակներում բրազիլական արյուն է հոսում», - ասել է 2002թ աշխարհի չեմպիոնը:
Հարկ է նշել, որ Բրազիլիայում առաջին անգամ են մտածում ֆուտբոլի հավաքական հրավիրել արտասահմանցի մասնագետի: Մինչ այդ ազգային թիմը մեկ անգամ գլխավորել է ուրուգվայցի մասնագետ, սակայն դա եղել է 97 տարի առաջ, 1925 թվականին: Դրանից հետո «Սելեսաոն» միշտ գլխավորել են տեղացի մարզիչները, որոնից մեկը մասնագիտության եղել է լրագրող:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես զբաղված է նոր գլխավոր մարզչի փնտրտուքով, ընդ որում նույնպես խոսակցություն է գնում տեղացի կամ արտասահմանցի մասնագետ հրավիրելու մասին: Ֆեդերացիան առայժմ չի նշել որևէ թեկնածուի անուն-ազգանուն, իսկ ահա լրատվամիջոցները թվարկել են բազմաթիվ անուններ՝ սկսած Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանից, վերջացրած իտալացի հանրահայտ մասնագետ Կլաուդիու Ռանիերիով: