Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar (8)
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 19-րդ օր. Կիսաեզրափակիչ առաջին խաղ՝ Արգենտինա - Խորվաթիա

Քաթարում ավարտին է մոտենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այսօր կկայանա կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:

Արգենտինա – Խորվաթիա

Խաղի սկիզբը՝ 23:00

Երկու թիմերն էլ մեծ դժվարությամբ են հաղթահարել քառորդ եզրափակիչ փուլը: Արգենտինացիներն անսպասելի ոչ-ոքի՝ 2:2 խաղացին Նիդեռլանդների հետ, չնայած մինչև 75-րդ րոպեն նրանք երկու գնդակի առավելություն ունեին: 11մ հարվածաշարում փայլեց դարպասապահ Էմիլյանո Մարտինեսը, որը ետ մղեց նիդեռլանդցիների առաջին երկու հարվածները:

Խորվաթիայի ընտրանին Բրազիլիայի հետ հանդիպման հիմնական ժամանակում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց: Լրացուցիչ 30 րոպեում խորվաթներն առաջինը գոլ բաց թողեցին, սակայն շատ արագ կարողացան վերականգնել հավասարակշռությունը՝ 1:1: Խորվաթիայի հավաքականը 11մ հարվածաշարում իրացրեց բոլոր չորս փորձերը, իսկ ահա թիմի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը հետ մղեց բրազիլացիների երկու հարվածները:

Արգենտինայի ընտրանին վեցերորդ անգամ է հանդես գալիս աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում: Նախորդ հինգում արգենտինացիները միշտ հաղթող են դուրս եկել: Խորվաթիայի հավաքականը երրորդ անգամ է պայքարում եզրափակիչ մտնելու համար: 1998թ խորվաթները պարտություն են կրել, իսկ ահա 2018-ին նրանք 11մ հարվածներով հաղթել են անգլիացիներին:

Ի դեպ, չորս տարի առաջ թիմերն իրար հետ հանդիպել են աշխարհի առաջնության խմբային փուլում: Խաղն ավարտվել էր խորվաթների վստահ հաղթանակով՝ 3:0: Այդ հանդիպմանը մասնակցել էին Արգենտինայի հավաքականի ներկայիս 6 ֆուտբոլիստներ: Խորվաթների այժմյան թիմից այն ժամանակ հադես էին եկել 7 խաղացող:

Հավելենք, որ Արգենտինայի ընտրանին ընթացիկ աշխարհի առաջնությունում բոլոր գոլերը բաց է թողել երկրորդ խաղակեսում: Խորվաթիայի հավաքականն անցկացրած 5 խաղերից երեքի հիմնական ժամանակում 0:0 է արել, բացի այդ թիմը երբեք առաջինը գոլ չի խփել:

Բուքմեյքերների կարծիքով Արգենտինայի հավաքականը ընդգծված ֆավորիտ է, չնայած Խորվաթիան նախորդ խաղում պայքարից դուրս է թողել առաջնության գլխավոր ֆավորիտին՝ Բրազիլիային: Նրանք արգենտինացիների հաղթանակը գնահատել են 1,90 գործակցով, խորվաթների 5,00-ի դիմաց: