Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 3.12.
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 14-րդ օր. Ամերիկան ընդդեմ մյուս աշխարհամասերի

Քաթարում ընթացող ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:

Նիդեռլանդներ – ԱՄՆ

Խաղի սկիզբը՝ 19:00

Նիդեռլանդների ընտրանին խմբային փուլն անցկացրեց առանց պարտության և իր խմբում վստահորեն գրավեց առաջին տեղը: Սակայն, Լուի վան Գալի թիմի ցուցադրած ֆուտբոլն այնքան էլ տպավորիչ չէ: Նիդեռլանդցիները նախնական փուլում մրցակիցներին հիմնականում հաղթել են նրանց թույլ տված սխալների հաշվին:

ԱՄՆ-ի հավաքականը մրցաշարը սկսել էր երկու ոչ-ոքիներով, իսկ երրորդ ամենակարևոր խաղում նվազագույն հաշվով հաղթել էր Իրանին: Ամերիկացիները վաստակելով 5 միավոր, առաջ են անցել հենց իրանցիներից: Թիմը շատ քիչ է գոլ խփում, սակայն քիչ էլ բաց է թողնում: ԱՄՆ-ի ընտրանու առավելությունը հենց կազմակերպված պաշտպանությունն է:

Երկու երկրների հավաքականներն առաջին անգամ են հանդիպում պաշտոնական մրցաշարում: Նախկինում անցկացրած 4 ընկերական խաղերում երեք անգամ հաղթել են նիդեռլանդցիները, մեկում՝ ամերիկացիները:

 

Արգենտինա – Ավստրալիա

Խաղի սկիզբը՝ 23:00

Արգենտինայի ընտրանին չնայած անակնկալ պարտությունով մեկնարկեց խմբային փուլը՝ զիջելով Սաուդյան Արաբիային, սակայն հետո միևնույն 2:0 հաշվով հաղթեց Մեքսիկային ու Լեհաստանին և խմբում գրավեց 1-ին տեղը: Թիմն առայժմ չի փայլում արդյունավետությամբ, բազում գոլային պահեր է կորցնում՝ չիրացնելով անգամ 11մ հարվածը: Սակայն, առաջին խաղից հետո Արգենտինայի հավաքականը լիովին կարգավորել է պաշտպանության հարցը և վերջին երկու խաղերում անառիկ է պահել սեփական դարպասը:

Ավստրալիայի ընտրանին առաջին խաղում չնայած կրեց խոշոր հաշվով պարտություն Ֆրանսիայից՝ 1:4, բայց հետո վերանայեց իր տակտիկան և նույն խաղաոճով նվազագույն հաշվով հաղթեց և Թունիսին, և Դանիային: Ավստրալացիները 1-ին տեղը զիջեցին Ֆրանսիային միայն խփած գոլերի քանակով: Կանաչ աշխարհամասի ֆուտբոլիստները բավական ակտիվ են պաշտպանվում, բացի այդ հաճախակի են դիմում սուր հակագրոհների:

Այսօր թիմերը կհանդիպեն 5-րդ անգամ: Նախկինում կայացած 4 խաղերում Արգենտինան երեքում հաղթել է, իսկ մեկն ավարտել ոչ-ոքի: