Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Եթե դեպի Հայաստան ավիատոմսերն այդքան թանկ չլինեին, հարյուր հոգու փոխարեն այստեղ ավելի շատ կլինեինք (տեսանյութ)

Երևանը հյուրընկալել է Փառատոնների եվրոպական ասոցիացիայի 70-րդ ամյակի Արվեստների փառատոններին նվիրված գագաթնաժողովը, որն այս անգամ կազմակերպվել է «Երևանյան հեռանկարներ»-ի կողմից։

45 երկիր ներկայացնող 120 փառատոնների առաջնորդներ կկիսվեն մտքերով ու առաջարկներով։

Այսօր աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով պաշտոնապես կտրվի գագաթնաժողովի բացումը։

«Միջոցառմանը մասնակցում են տարբեր քաղաքների քաղաքապետեր, գործարարներ, արվեստագետեր ու լրագրողներ, որոնք ծրագրի շրջանակներում կբացահայտեն մեր երկիրն ու մեր մշակույթը։ Կայցելեն նաև Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիր»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։

Փառատոնների եվրոպական ասոցիացիայի նախագահ Յան Բրայսի խոսքով՝ քաղաքը կարիք ունի փառատոնների, քանի որ այդ ժամանակ գալիս են զբոսաշրջիկներ, քաղաքը տնտեսապես շահում է, այսինքն՝ փառատոնը ապրեցնում է քաղաքը։

«Ի դեպ, եթե դեպի Հայաստան ավիատոմսերն այդքան թանկ չլինեին, հարյուր հոգու փոխարեն մենք այստեղ ավելի շատ կլինեինք»,- ընդգծեց պարոն Բրայսը։