Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգի և այնտեղ կտեղակայի նոր ավտոբուսներ՝ համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին: Չշահագործվող և նորոգման ենթակա ավտոբուսները կտեղափոխվեն նոր հավաքակայան: «Նոր հավաքակայանի համար ընտրվել է Նոր Նորքում գտնվող նախկին կաթսայատան, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով տարածքը մաքրվում է աղբից և համապատասխանեցվում: Այս հավաքակայանը նախատեսված է պահեստային 120-130 մեքենայի կայանման համար, որոնց մի մասը, մասնավորապես, «Բոգդան» և «Պազ» մակնիշի մեքենաները, շահագործումից դուրս են եկել և դրված են աճուրդի, իսկ շուրջ 80 «Հայգեր» մակնիշի ավտոբուսներն էլ, պահեստամասերով համալրումից հետո, կվերանորոգվեն և կշահագործվեն մինչև 2025թ. հուլիսը»,- տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը: Տարածքում հսկողություն սահմանելու և ավտոբուսները պահպանելու նպատակով «Երքաղլույս» ընկերությունը կանցկացնի արտաքին լուսավորություն: