Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պաշտոններում մենք այլևս մենք չենք, մենք ֆունկցիա ենք․ Վարդապետյանին (տեսանյութ)

Ես Գեղարքունիքի մարզից եմ և վստահ եմ, որ ձեր ընտրվելու դեպքում իրականում կփոփոխվի դատախազության գործառույթները, որովհետև շատ վատ ու տխուր վիճակում է այս պահին։ Այսպիսի դիտարկում այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազի ընտրության հարցի ժամանակ արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

Իշխանական պատգամավորը հարց հնչեցրեց, թե գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն ինչպես է վերաբերվում այն դատախազներին, ովքեր քաղաքականության մեջ են ներգրավված, ինչին ի պատասխան Վարդապետյանը լակոնիկ պատասխանեց՝ բացասական։

«Դատախազն ապաքաղաքական մարմին է, իրավունք չունի գործընթացներին խառնվի, բայց այստեղ շատ նուրբ բարոյական ներքին սահման կա: Ցանկացած պաշտոն, դատախազի պաշտոնն այդ թվում, ենթադրում է կարմիր գծեր, որոնք պայմանավորված են քո՝ ֆունկցիա լինելով: Ես շատ հաճախ ասում եմ, որ պաշտոններում մենք այլևս մենք չենք, մենք ֆունկցիա ենք: Ցանկացած պաշտոնում ես գործառույթ եմ՝ ես անում եմ այն, ինչ կա իմ պաշտոնի անձնագրով և իմ ներքին սանդղակն էլ հիմնված է օրենքի գերակայության վրա, մարդու իրավունքների վրա: Գուցե սա իդեալական է հնչում և դժվար է ապահովել, քանի որ կյանքում անընդհատ քեզնից նեղացած մարդիկ են հայտնվում, բայց դատախազը հենց արդարություն պահանջող մարմինն է»:

Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավաբանական գծով խորհրդականն էր, որին իշխող խմբակցությունը առաջադրել է որպես Գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածու։

Մանրամասները՝ տեսանյութում։