Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կապանցիները նշեցին Վահանավանքի վանական համալիրի հիմնադրման 1111-ամյակը

Հունիսի 25-ը Կապան քաղաքի համար առանձնահատուկ նշանակություն ունեցավ։ Կապանցիները նշեցին Վահանավանքի վանական համալիրի հիմնադրման 1111-ամյակը։ Տոնը խորհրդանշական էր նրանով, որ այսօր նշվել է նաև վանական համալիրի ուխտի օրը։

Վաղ առավոտյան, հարյուրից ավելի ուխտավորներ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և հոգևորականների ուղեկցությամբ ոտքով հաղթահարել են Վահանավանքի բարձունքն ու մասնակցել տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին։ Վահանավանքի վանական համալիրի հազարամյա պատմությանը ծանոթանալու, հոգեւոր այս կարեւոր իրադարձության մասնակից լինելու համար հանրապետության տարբեր վայրերից էին քաղաքացիները ժամանել Կապան։

Միջոցառման հանդիսավոր մասը անցկացվեց հենց վանքի կամարների ներքո, որի ժամանակ ներկաները իրենց ելույթներում շնորհավորեցին Վահանավանքի 1111- ամյակը։ Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Գևորգյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը։

Համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը իր խոսքում ընդգծեց, որ ազգի ինքնության պահպանման և ամրապնդման գործում կարևոր են պատմամշակութային արժեքները, որոնք ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ։ Հատկապես հետպատերազմյան այս շրջանում, երբ թշնամին ակնհայտորեն խեղաթյուրելով պատմական փաստերը` չի դադարում կասկածի տակ դնել նաև Սյունիքի հայկական լինելը, մեր պարտքն է սրբորեն պահել ու պահպանել մեր ոչ նյութական արժեքները, անընդհատ բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը մեր պատմամշակութային ժառանգությունների մասին՝ ուշադրությունը սևեռելով փաստերով հիմնավորված վկայությունների վրա։

«Մեկ անգամ չէ, որ մեր հարևանները հոխորտացել են այս թեմայով՝ մասնավորապես օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը։ Այնինչ Վահանավանքի վանական համալիրը այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել»,-ասաց նա։

Տոնական օրը իրենց կատարումներով գեղեցկացրեցին «Գեղարդ» երգչախումբը, ազգային երգ ու պարով հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։