Հրազդանի կիրճում արգելափակված 4 աղջիկ փրկվել են՝ ոստիկանների և փրկարարների շնորհիվ․ ՆԳՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնվտանգություն ապահովելու և քաղաքացիներին օգտակար լինելու հանձնառությամբ փրկարարներն ու ոստիկաններն ամեն օր պատասխանատու ծառայություն են իրականացնում՝ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր իրավիճակի։ Խոսուն օրինակը ապրիլի 30-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած դեպքն էր, երբ Ոստիկանության գվարդիայի և փրկարարների արագ ու համակարգված գործողությունները վճռորոշ էին։
Գվարդիայի ծառայողի խոսքով՝ Հրազդանի կիրճում ծառայություն իրականացնելիս քաղաքացիների օգնության կանչեր են լսել և անմիջապես տեղեկատվությունը փոխանցել փրկարարներին։ Իրավիճակը ճիշտ գնահատելու արդյունքում ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է փրկել քաղաքացիներին։ Երևանի փրկարարական վարչության թիվ 1 ՀՓՋ խմբի պետ Վահան Թունյանը նշում է, որ օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ փրկարարները ժամանել են դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ գետի մակարդակի բարձրացման հետևանքով 17-19 տարեկան չորս աղջիկներ արգելափակվել են կղզյակում և չեն կարողանում դուրս գալ։
Վտանգի գնահատումից հետո իրականացվել են անհետաձգելի փրկարարական աշխատանքներ․ հրշեջ-փրկարարները, կիրառելով հատուկ նշանակության պարաններ և ամրակապման միջոցներ, մոտեցել են քաղաքացիներին, ցուցաբերել հոգեբանական աջակցություն և կազմակերպել նրանց անվտանգ տեղափոխումը գետի մյուս ափ։ Գործողություններին ներգրավվել է նաև հատուկ նշանակության ջոկատը։ Փրկարարական աշխատանքների արդյունքում բոլոր քաղաքացիները տեղափոխվել են անվտանգ տարածք։