Որդի եւ հայր նաեւ բեմում
Աջակցիր «Ա1+»-ինՎիլյամ Սարոյանի «Սիրտը լեռներուն մեջ» պիեսի բեմադրությունը ներկայացրեց Թեքեյան մշակութային միության Մհեր Մկրտչյան թատերախումբը:
Այն ցուցադրվեց Նյու Ջերսիի Տուայթ Էնկլնուտ վարժարանի հանդիսասրահում: Ի դեպ, Մհեր Մկրտչյան թատերախումբը այս պիեսը առաջին անգամ բեմադրել է 1999 թվականին, որի ռեժիսորն է եղել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
«Անհունորեն շնորհակալ ենք հայերենի վաստակավոր արտիստին եւ այս ներկայացման բեմադրիչին` Հովհաննես Բաբախանյանին, որ այսքան կարճ ժամանակամիջոցին կրցավ բեմ հանել այս ներկայացումը: Նույնքան շնորհակալություն թատերախմբիս հիմնադիրներին Հարութ Չաթմաջյանին, որը ստանձնեց այս ներկայացման գեղարվեստական արտադրությունը»,- ասաց Թեքեյան Մշակութային միության ատենապետ Վարդիվարյանը:
Բեմադրող, ռեժիսոր Հովհաննես Բաբախանյանին հաջողվել էր կարճ ժամանակահատվածում խմբի նվիրյալ անդամների հետ միասին բեմադրել մի գործ, որը ժամանակին բեմադրել էր հանճարեղ ռեժիսոր Վարդան Աճեմյանը:
Մհեր Մկրտչյանի թատերախմբի բեմադրությունը հաջողված էր եւ այն ջերմությամբ ընդունվեց հանդիսականի կողմից: Իր փայլով եւ անմիջական խաղով աչքի ընկավ Ջոնիի դերակատար 11 ամյա Գոռ Բաբախանյանը, որը եւ կյանքում եւ բեմում խաղում էր իր հարազատ հոր Հովհաննես Բաբախանյանի (Բեն Ալեքսանդր) հետ: Բարդ հոգեբանական կերպար էր մարմնավորել Մագ Գրեգրի դերակատար Գառնիկ Ներսիսյանը, որին հաջողվել էր վեր հանել մի թափառական ողբերգակի հոգեբանական աշխարհն ու տառապանքները:
Ներկայացումից հետո թատերախմբի անդամներին շնորհավորեց եւ իր շնորհակալությունը հայտնեց բեմադրող ռեժիսոր Հովհաննես Բաբախանյանը, որոնց անմիջական մասնակցությամբ կարողացան հանդիսատեսի դատին հանձնել Վիլյամ Սարոյանի հանճարեղ գործերից մեկը:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի