Եվս երկու կորուստ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին չհաջողվեց առանց կորուստների անցկացնել նաեւ մրցումների 3-րդ օրը:
60 կգ քաշային Արա Պուլուզյանն իր առաջին մարտում զիջեց գերմանացի Էուգեն Բուրհարդին` 1:6, իսկ Ցոլակ Անանիկյանը (91 կգ) երկրորդ փուլում պարտվեց բուլղարացի Տերվել Պուլեւին` 4:5: Հիշեցնենք, որ մինչ այդ պայքարից դուրս էին մնացել նաեւ 54 կգ քաշային Կարեն Այլազյանը եւ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ):
Բարեբախտաբար, երեկ ռինգ մտած մեր մյուս երկու բռնցքամարտիկները հաղթանակ տարան եւ մտան հաջորդ փուլ: 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը առավելության հասավ ուկրաինացի Օլեգ Մալինովսկու նկատմամբ` 10:3, իսկ Հրաչյա Ջավախյանը (64 կգ), որը երկրորդ մարտն անցկացրեց Մոսկվայում, միավորներով հաղթեց ռումինացի Գեորգե Պոպեսկուին` 9:3:
Այսօր 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը ուժերը կչափի բելառուսցի Միկալայ Վեսյալովի հետ, իսկ Արթուր Խաչատրյանը (81 կգ) կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրիշունինի հետ: 51 կգ քաշային կարգում Դերենիկ Գիժլարյանի մրցակիցը կլինի անգլիացի Խալիդ Յաֆալը:
Վաղն իր առաջին մարտը կանցկացնի 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, որը կմրցի ուկրաինացի Դենիս Շկարուբոյի հետ: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կհանդիպի Դավիթ Հայրապետյան (Ռուսաստան) - Էլվին Մամիշզադե (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ: