Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք հաղթանակ եւ ... գավաթակիր

Սպորտ

Հնարավոր է արդյոք եվրոգավաթներում տոնել ընդամները երեք հաղթանակ եւ դառնալ գավաթակիր: Պարզվում է, որ հնարավոր է:

Մադրիդի «Ատլետիկոն» այս մրցաշրջանում եվրոպական մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, որոնցից միայն երեքում է հաղթանակ տարել, սակայն դա բավարար էր, որպեսզի թիմը տիրի ՈՒԵՖԱ-ի գավաթին, որն այսուհետ հանձնվելու է Եվրոպայի լիգայի մրցաշարի հաղթողին:

Մադրիդցիները մրցաշրջանը սկսել են չեմպիոնների լիգայում, որտեղ երեք ոչ-ոքիների օգնությամբ զբաղեցրել են 3-րդ տեղը եւ տեղափոխվել Եվրոպայի լիգա: Այստեղ նրանք անցկացրել են 9 խաղ, որից երեքում հաղթանակ են տարել, հինգը ավարտել ոչ-ոքի, իսկ երկուսում պարտվել:

Սակայն «Ատլետիկոն» ի հաշիվ մրցակիցների դաշտում խփած գոլերի հաղթահարեց բոլոր արգելքները եւ մտավ եզրափակիչ: Այստեղ Կիկե Ֆլորեսի սաները ցույց տվեցին տակտիկապես գրագետ ֆուտբոլ. նրանք հիմնականում մեծ ուժերով պաշտպանվեցին, իսկ պատեհ առիթներն օգտագործեցին սուր հակագրոհներ կազմակերպելու համար: Այդ մարտավարությունն արդարացրեց իրեն:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, իսկ լրացուցիչում հաղթեց իսպանական ակումբը` 2:1: Հանդիպման հերոս դարձավ «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը, որը նախ բացեց հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակի 26-րդ րոպեին խփեց վճռորոշ գոլը:

Այդպիսով, Մադրիդի «Ատլետիկոն» 48 տարի անց կրկին դարձավ եվրոգավաթակիր, հաղթելով Եվրոպայի լիգայի առաջին մրցաշարում (1962 թ թիմը տիրել էր եվրոպական երկրների գավաթակիրների գավաթին):