8-ից 6-ը հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինԱյն բանից հետո, որ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն պահպանեց աշխարհի շախմատային թագը, հայտնի դարձավ թվով 6-րդ շախմատիստը, որը կպայքարի 2012 թ չեմպիոնի կոչման համար: Դա բուլղարացի Վեսելին Թոփալովն է, որը որպես եզրափակիչ մրցախաղի մասնակից ինքնաբերաբար իրավունք ստացավ մասնակցելու 2012 թ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Նախապես նման իրավունք նվաճել էին նորվեգացի գրոսմայստեր, 19-ամյա Մագնուս Կառլսենը` որպես ՖԻԴԵ-ի վարկանիշով թիվ 1 շախմատիստ, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (երկրորդ ցուցանիշը ՖԻԴԵ-ի վարկանիշով), մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը (ՖԻԴԵ-ի գրան-պրիի հաղթող), ԱՄՆ ներկայացնող Գատա Կամսկին (չեմպիոնի կոչման հավակնորդ Թոփալովի հետ մրցախաղում պարտվելու համար), իսրայելցի Բորիս Գելֆանդը (աշխարհի գավաթակիր):
Մրցաշարի 7-րդ մասնակիցը հայտնի կդառնա ներկայումս Աստրախանում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի գրան-պրիի 6-րդ փուլի ավարտից հետո, երբ կորորշվի գրան-պրիում երկրորդ տեղը գրավող շախմատիստը: Իսկ ահա 8-րդ մասնակիցը կլինի այն երկրից, որտեղ տեղի կունենա հավակնորդների մրցաշարը:
Առայժմ խոսակցություն է գնում այն Բաքվում անցկացնելու մասին, սակայն ՖԻԴԵ-ն առայժմ չի հաստատել Ադրբեջանի մայրաքաղաքի թեկնածությունը, քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես տեղեկացրել է, որ Լեւոն Արոնյանը չի մասնակցի հավակնորդների մրցաշարին, եթե այն կայանա Բաքվում: Իսկ Վիշվանաթան Անանդի եւ նոր հավակնորդի միջեւ 2012 թ կայանալիք մրցախաղը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Լոնդոնում: