Սկանդալ Հունաստանում
Աջակցիր «Ա1+»-ինՀունաստանում մասսայական ծեծկռտուքով ավարտվեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի երկրորդ ուղեգրի համար անցկացվող մրցաշարի 5-րդ տուրի «Օլիմպիակոս» - ՊԱՕԿ հանդիպումը:
Խաղը շատ կարեւոր նշանակություն ուներ դաշտի տերերի համար, քանի որ պարտության կամ ոչ-ոքիի դեպքում նրանք զրկվում էին չեմպիոնների լիգայի ուղեգրից: Այդ իսկ պատճառով, երբ խաղի ավարտին մնաց 1 րոպե, տեղի տվեցին «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստների նյարդերը, քանի որ նրանք պարտվում էին 0:1 հաշվով:
Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին դաշտի տերերի շվեդացի ֆուտբոլիստ Օլաֆ Մելբերգը վիճաբանության բռնվեց հյուրերի չիլիացի պաշտպան Պաբլո Կոնտրերասի հետ: Հանդիպման գլխավոր մարզիչը նրանց հեռացրեց դաշտից: Սակայն կրքերն այդքանով չհանդարտվեցին եւ թիմերի խաղացողները շարունակեցին պարզել հարաբերությունները:
«Օլիմպիակոսի» երկրպագուները սկսեցին տարբեր իրեր նետել դեպի ՊԱՕԿ-ի խաղացողները, որոնցից պլասմասե մեկ շիշ դիպավ հանդիպման միակ գոլի հեղինակ Վլադիմիր Իլիչին: Վերջինս այն վերցրեց եւ իր հերթին շպրտեց դեպի տրիբունա: Դա էլ ավելի կատաղեցրեց ֆուտբոլասերներին, որոնք սկսեցին տակնուվրա անել աթոռները եւ մասնակիցների վրա նետել ձեռքի տակ ընկած առարկան: Միայն հատուկ ջոկատայինների միջամտությամբ հաջողվեց կարգի հրավիրել եւ ֆուտբոլիստներին, եւ ֆուտբոլասերներին:
«Օլիմպիակոսը», որը վերջին 13 տարիների ընթացքում առաջին անգամ դուրս մնաց չեմպիոնների լիգայի մրցաշարից, բացի ուղեգրից կկորցնի նաեւ 60-140 հազար եվրո` կարգապահական տուգանքները վճարելու համար, բացի այդ թիմն իր առաջիկա մի քանի խաղերը կանցկացնի առանց հանդիսականների: