Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարվա մրցամարտը` ապրիլի 24-ին

Սպորտ

Ապրիլի 24-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կսկսի այս տարվա գլխավոր շախմատային մրցամարտը: ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար կհանդիպեն գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ թեկնածու Վեսելին Թոփալովը (Բուլղարիա):

Կողմերը կանցկացնեն 12 պարտիա: Մրցամարտի հաղթող կդառնա նա, ով կվաստակի 6,5 միավոր: Ոչ-ոքիի դեպքում կողմերը կանցկացնեն արագ շախմատի լրացուցիչ 4 պարտիա, կրկին հավասարության դեպքում` կայծակնային շախմատի 2-ական պարտիաներ, մինչեւ որ մեկը վաստակի 1,5 միավոր: Եթե հինգ նման սերիայից հետո կրկին չորոշվի հաղթողը, ապա կանցկացվի վերջին պարտիան, այսպես ասած «Արմագեդոնը», որի ժամանակ սպիտակներին կտրվի 5 րոպե, իսկ սեւերին` 4: Ոչ-ոքիի դեպքում հաղթանակը կշնորհվի սեւերով խաղացող շախմատիստին:

Առաջին պարտիայում սպիտակներով հանդես կգա բուլղարացի գրոսմայստերը, որն արդեն առավելություն կստանա, եթե հարկ կլինի դիմել «Արմագեդոնի» օգնությանը: Յուրաքանչյուր երկու պարտիայից հետո մասնակիցներին կտրվի մեկօրյա հանգիստ:

Անանդն ու Թոփալովը մինչ այդ հանդիպել են 44 անգամ: Դրանցից 11-ն ավարտվել է բուլղարացի շախմատիստի, 10-ը հնդիկ շախմատիստի հաղթանակով, իսկ 23 պարտիա ավարտվել է ոչ-ոքի:

Բուքմեյքերները հավասար են գնահատում կողմերի հնարավորությունները` վերջնական հաղթանակի համար սահմանելով 1,85-ական գործակից: Սակայն շախմատասերների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով 1350 մասնակիցներից 66 տոկոսը հավատում են Անանդի հաղթանակին:

Նշենք, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպման մրցանակային հիմնադրամը կազմում է 2 մլն եվրո: Հաղթողը կստանա 1,2 մլն եվրո, իսկ պարտվողը` 800 հազար: