Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանց» - «Միկա»` 1:1

Սպորտ

Այսօր կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Երեւանի «Բանանցը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղաց Աշտարակի «Միկայի» հետ: Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Նարեկ Բեգլարյանը, իսկ չորս րոպե անց այն վերականգնեց «Բանանցի» բրազիլացի լեգեոնական Բետոն:

Այս արդյունքն ավելի շատ ձեռնտու էր հյուրերին, քանի որ նրանք պատասխան խաղն անցկացնելու են սեփական հարկի տակ, բացի այդ գոլ են խփել մրցակցի դաշտում, ինչն առավելություն է տալիս երկրորդ խաղում սեփական դարպասն անառիկ պահելու դեպքում:

Սակայն մամուլի ասուլիսին թիմերի գլխավոր մարզիչներն էլ նշեցին, որ եզրափակիչ մտնելու շանսերը հավասար են երկու թիմերի համար:

«Նորմալ խաղ ստացվեց: Երկու թիմերն էլ լավ տպավորություն թողեցին: Այժմ ծանր ժամանակաշրջան է մեր համար, քանի որ շաբաթական անցկացնում ենք երկուական հանդիպում, ուստի շատ դժվար է բոլոր խաղերին ցույց տալ արագ եւ դիտարժան ֆուտբոլ: Ոչ-ոքի արդյունքը, ինքնին, ձեռնտու է «Միկային», սակայն դեռ կա պատասխան հանդիպում, ուստի թիմերի շանսերը հավասար եմ համարում»,-ասաց Ստեւիցա Կուզմանոսկին («Բանանցի» գլխավոր մարզիչ)::

Իսկ Արմեն Ադամյանը («Միկայի» գլխավոր մարզիչ) նկատեց, թե իսկական գավաթային հանդիպում էր:

«Ավելի շատ պայքար էր ընթանում խաղադաշտում, քան ֆուտբոլ: Կարծում եմ, մենք ոչնչով չզիջեցինք «Բանանցին»: Մեզ չնայած հաջողվեց գոլ խփել մրցակցի հարկի տակ եւ որոշակի առավելություն ստանալ պատասխան խաղից առաջ, սակայն դեռ ոչինչ որոշված չէ: Ես էլ եմ գտնում, որ պատասխան խաղում թիմերի շանսերը հավասար են` 50:50»,-ասաց նա: