Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանից մինչեւ Մեխիկո

Սպորտ

Այսօր Մոնղոլիա - Հյուսիսային Կորեա հանդիպումով կսկսի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Բ» խմբի մրցաշարը, որը կանցկացվի Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կսկսի ժամը 16:00-ին: Իսկ ժամը 20:00-ին կկայանա ՀԱՀ - Հայաստան հանդիպումը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի եւ ՀԱՀ-ի հավաքականները: Խմբում առաջին տեղը գրաված հավաքականը կնվաճի 2-րդ դիվիզիոնի ուղեգիր, բացի այդ իրավունք կստանա մասակցելու 2014 թ ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարին:

Մեր հոկեյիստների մրցակիցներից առավել փորձառուն Հյուսիսային Կորեայի ազգային թիմն է, որը աշխարհի առաջնություններին մշտապես մասնակցում է 1973 թվականից, սակայն հանդես է եկել միայն 2-րդ եւ 3-րդ դիվիզիոններում: Հյուսիսկորեական հավաքականը համարվում է Արեւելյան Ասիայի առաջատար թիմերից մեկը:

Հարավաֆրիկյան Հանրապետության հոկեյիստները չնայած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին առաջին անգամ մասնակցել են 1960-61 թթ, սակայն հետագայում մեծ ընդմիջումներով են հանդես եկել: Աֆրիկացի հոկեյիստները ամենամեծ հաջողության հասել են 1966 թ, երբ 3-րդ դիվիզիոնի մրցաշարում գրավել են 3-րդ տեղը: Մոնղոլիայի հավաքականը վերջերս է ձեւավորվել եւ, ինքնին, մրցաշարի ամենաանփորձ թիմն է:

Ի դեպ, այս օրերին անցկացվում են նաեւ աշխարհի առաջնության 2-րդ եւ 3-րդ դիվիզիոնների ընտրական մյուս մրցաշարերը, որոնք տեղի կունենան Աթենքում, Մեխիկոյում եւ Տալինում (գլխավոր մրցաշարը կկայանա ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին, Գերմանիայում):