Հրանտ Մելքումյանը 6-րդն է
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի հինգ ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Նա 9-րդ տուրում հաղթեց ադրբեջանցի Էլթայ Սաֆարլիին: Հրանտ Մելքումյանը եւս 7 մասնակիցների հետ վաստակեց 7 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցրեց 6-րդ տեղը: Ի դեպ, նրանից մեկ աստիճանով ետ մնաց Վրաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Հարությունյանը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց վենեսուելացի Էդուարդո Իտուրիսագան, որը ստացավ 8000 ԱՄՆ դոլար պարգեւավճար: Հրանտ Մելքումյանը պարգեւատրվեց 2200 դոլարով:
Պարգեւատրվողների ցանկում հայտնվեց նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը պարտության մատնեց Ավստրիայի դրոշի ներքո հանդես եկող վրացի գրոսմայստեր Դավիթ Շենգելիային եւ 6,5 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը: Նա վաստակեց 1200 դոլար:
Մեր մյուս շախմատիստները գրավեցին համեմատաբար համեստ տեղեր. Տիգրան Քոթանջյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը 5,5 միավորով մրցաշարն ավարտեցին համապատասխանաբար 30-րդ եւ 41-րդ հորիզոնականներում: Գեւորգ Հարությունյանը, որը նրանցից ետ մնաց կես միավորով, զբաղեցրեց ընդամենը 50-րդ տեղը: