«Փյունիկի» լուրջ հայտը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում Երեւանի «Ուլիսը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց Երեւանի «Փյունիկին»: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց բրազիլացի հարձակվող Մարկոսը, իսկ 55-ին կրկնապատկեց Ալբերտ Թադեւոսյանը: Այդպիսով, գործող գավաթակիրը վստահ հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ եւ եզրափակիչ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց:
«Ուլիսի» հետ մեր խաղերը միշտ էլ լարված պայքարում են անցնում, - խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, - Այսօր մենք կարողացանք օգտագործել գոլային պահերը եւ հաղթանակ տանել»:
Նրա «Ուլիսի» գործընկեր Սեւադա Արզումանյանը խաղի կապակցությամբ նշեց, որ «Փյունիկը» միշտ էլ տարբերվում է իր կոլեկտիվ խաղաոճով, իսկ բրազիլացի հարձակվող Մարկոսին չեզոքացնելը խնդիր է դարձել իր թիմի համար:
«Մարկոսն այսօր էլ իր գործը արեց: Մենք այսօր խաղալու հնարավորություն տվեցինք նաեւ մեր այն ֆուտբոլիստներին, որոնք ոչ միշտ են մասնակցում առաջնության հանդիպումներին: Գավաթային մրցավեճ է եւ դեռ կա նաեւ պատասխան խաղը: Կաշխատենք ճիշտ եզրակացություններ անել այս պարտությունից եւ ավելի լավ պատրաստվել «Փյունիկի» հետ մնացած խաղերին»,-ասաց նա:
Հավելենք, որ «Ուլիսն» առաջին պարտությունը կրեց ոչ միայն գավաթի խաղարկությունում, այլեւ մրցաշրջան-2010-ում: Մինչ այդ անցած տարվա բրոնզե մեդալակիրը անցկացրած 5 խաղում տարել էր 3 հաղթանակ, իսկ 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի: