Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկայի» առաջին սայթաքումը

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ վստահ հաղթեց Աշտարակի «Միկային»` 4:2:

Դաշտի տերերը շատ արագ աչքի ընկան եւ արդեն առաջին խաղակեսում նկատելի առավելության հասան` մրցակցի դարպասը խփելով 3 գոլ, սեփական դարպասը ընդունելով միայն մեկը: Ընդմիջումից հետո «Փյունիկը» եւս մեկ անգամ գրավելով մրցակցի դարպասը, էլ ավելի ամրապնդեց առավելությունը` 4:1: Հյուրերը մնացած 30 րոպեներին ընդամենը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպումից հետո ասաց, որ գոհ է թիմի խաղից, եւ որ բոլոր ֆուտբոլիստները կատարեցին իրենց առջեւ դրած առաջադրանքները: Գնահատելով թիմի նորեկ, նիգերիացի կիսապաշտպան Միքայել Ուռեմա Էկբետայի խաղը` նա նշեց, որ աֆրիկացի ֆուտբոլիստն անհատական լավ որակներ ունի, պարզապես դեռ երկու պարապմունք է անցկացրել թիմի հետ, ուստի հաճախ էր դուրս մնում կոլեկտիվ խաղից:

«Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն իր թիմի անդրանիկ պարտությունը բացատրեց ներքին լարվածությամբ եւ ֆուտբոլիստների նախորդ խաղում տարած խոշոր հաղթանակի բերկրանքը չթոթափելու հանգամանքով:

Այսօր կայացած երկրորդ խաղում Կապանի «Գանձասարը» իր հարկի տակ պարտվեց Երեւանի «Ուլիսին»` 0:1:

Այս հաղթանակներից հետո «Փյունիկն» ու «Ուլիսը» 6 միավորով սկսեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանց կարող է հավասարվել միայն Երեւանի «Կիլիկիան», որը վաղը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Շիրակին»: Մյուս խաղում կհանդիպեն Երեւանի «Բանանցն» ու Դիլիջանի «Իմպուլսը», որոնք առաջին տուրում պարտություն են կրել:

Ավտոմեքենա 80-ամյակի առթիվ

«Փյունիկ» - «Միկա» խաղից առաջ տեղի ունեցավ հաճելի արարողություն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեր անվանի վետերան Հարություն Քեհեյանին պարգեւատրեց «Վազ» մակնիշի ավտոմեքենայով: Վետերանը ապրիլի 9-ին կնշի իր ծննդյան 80-ամյակը: Մեքենայի բանալին հոբելյարին հանձնեց ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: