Պահանջում են ստուգել ԴՆԹ-ն
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 16-ին Իսլանդիայի գերագույն դատարանը պետք է բավական դժվարին որոշում կայացնի`կապված շախմատի աշխարհի թվով 11-րդ չեմպիոն Բոբի Ֆիշերի հետ, որը մահացել եւ հուղարկավորվել է այդտեղ, 2008 թ հունվարին:
Ֆիլիպինուհի Մերիլին Յանգը հայց է ներկայացրել դատարանին, նշելով, որ իր 8-ամյա դստեր հայրը Բոբի Ֆիշերն է, ուստի հենց նրան պետք է պատկանի շախմատիստի թողած ամբողջ հարստությունը` Ռեյկյավիկի Landsbank-ում գտնվող 3 մլն ԱՄՆ դոլարը եւ ոսկե ձուլակտորները:
Նշենք, որ 2009 թ դեկտեմբերին Մերիլին Յանգն իր դստեր հետ այցելել է Բոբի Ֆիշերի շիրիմին, որը գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաքի հարավում գտնվող Selfoss գերեզմանատանը եւ հարգել նրա հիշատակը:
Աշխարհի չեմպիոնի թողած ժառանգությանը հավակնում է նաեւ նրա քաղացիական կինը` ճապոնուհի Միեկո Վատաին, որը, սակայն, Ճապոնիայի դատարանում չի կարողացել հաստատել այդ փաստը:
Իսլանդիայի գերագույն դատարանն այժմ պետք է որոշի, անցկացնել Ֆիշերի եւ 8-ամյա աղջնակի ԴՆԹ-ների անալիզը, թե ` ոչ: Բանն այն է, որ դրա համար պետք է նորից դիահերձվի աշխարհի չեմպիոնի դին, քանի որ Իսլանդիայի ազգային հիվանդանոցում, որտեղ մահացել էր շախմատիստը, չի պահպանվել Ֆիշերի արյան նմուշը: