Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկում է 2-րդ տուրը

Սպորտ

«Փյունիկ» - «Միկա» խաղի ֆավորիտը դաշտի տերերն են, չնայած հյուրերը ավելի լավ են սկսել տարին:

Այսօր կմեկնարկի Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2-րդ տուրը: Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» կհյուրընկալի Աշտարակի «Միկային», իսկ Կապանում կհանդիպեն տեղի «Գանձասարն» ու Երեւանի «Ուլիսը»: Վաղը տեղի կունենան «Բանանց» - «Իմպուլս» եւ «Կիլիկիա» - «Շիրակ» մրցախաղերը:

Տուրի կենտրոնական հանդիպումը, ինքնին, հանրապետության չեմպիոն «Փյունիկի» եւ անցած տարվա փոխչեմպիոն «Միկայի» մրցակցությունն է: Երկու թիմերն էլ վստահ են սկսել նոր մրցաշրջանը եւ անցկացրած երկու խաղերում էլ հաղթանակ են տոնել, ընդ որում դեռեւս գոլ բաց չեն թողել:

«Փյունիկը» գավաթի խաղարկությունում պարտության է մատնել Դիլիջանի «Իմպուլսին» (1:0), իսկ առաջնության անդրանիկ խաղում հյուրընկալվելիս հաղթել է Գյումրիի «Շիրակին» (3:0): Իսկ ահա «Միկան» երկու խաղերում էլ ջախջախել է իր մրցակիցներին` համապատասխանաբար «Կիլիկիային» (3:0) եւ «Բանանցին» (4:0):

Չնայած վերը նշված վիճակագրությամբ «Միկան» առավելություն ունի խփած գոլերով, սակայն «Վիվարո» բույքմեյքերական գրասենյակի մասնագետները խաղի ֆավորիտ են համարում «Փյունիկին»` 1,85 գործակից հաղթանակի համար: «Միկայի» շանսերը բույքմեյքերները համարյա երկու անգամ ցածր են գնահատում` 3,5 գործակից: