Ընդամենը մեկ հոգի
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 28-ից հուլիսի 3-ը Երեւանում կայանալու է բասկետբոլի կանանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու են Հայաստանի, Անդորայի, Ջիբրալթարի, Մոլդովայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Մալթայի հավաքականները (այս խմբում ընդգրկված Ադրբեջանի ընտրանին հրաժարվել է ժամանել Հայաստան):
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ մեր հավաքականը մրցաշարին կսկսի պատրաստվել մայիսից:
«Հավաքականի թեկնածուներն արդեն մարզվում են, սակայն թիմը լրիվ կազմով կհավաքվի մայիսի 20-ին: Այդ օրվանից էլ թիմը կսկսի անմիջականորեն պատրաստվել առաջնությանը»,-ասաց նա:
Մեր այն հարցին, արդյոք Հայաստանի հավաքականում կարող են հանդես գալ Երեւանի «Հատիսի» կազմում խաղացած լեգեոնականները, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «ՖԻԲԱ-Եվրոպայի կանոնակարգով իրավունք ունենք արտասահմանցի բասկետբոլիստուհի հայտավորել, սակայն ընդամենը մեկ հոգու»:
Ինչպես նշեց ֆեդերացիայի նախագահը, իրենք դեռ չեն որոշել, թե «Հատիսի» լեգեոնականներից ում կհրավիրեն հավաքական, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են: