Մարտի 27-ը Թատրոնի օրն է
Աջակցիր «Ա1+»-ին«Թատրոնը հաց ու ջուր է. առանց թատրոնի` ինչ էլ որ լինի աշխարհում, հնարավոր չէ ապրել»,-ասում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը` Թատրոնի միջազգային օրվա նախօրեին:
Ըստ նրա ` մարդիկ երկու մասի են բաժանվում. «Մի մասը օգնում է թատրոնին, մյուսը չի հասկանում և ոչինչ չի անում, ու այդպես մութ-մութ էս աշխարհից գնում է»:
Երվանդ Ղազանչյանը հիշում է, որ պատերազմի տարիներին բոլոր տոմսարկղերի մոտ հանդիսատեսի հերթ էր գոյանում: «Ահավոր երկրաշարժից հետո էլ տեղ չմնաց, որ չմտնեն, ջարդեն, սարքեն մի բան` տանիք լինի, որ մտնեն տակը: Միայն թատրոնին ձեռք չտվեցին: Զարմանալի է, բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ մարդիկ կարող էին այնտեղ ապրել: Ընդհանրապես, թատրոնը կուռք է հայերի համար... »,- կարծում է նա:
Վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի խոսքերով` դերասանների մի մասի համար թատրոնն այսօր պարզապես հոբբի է, սակայն պետք է կարևորել իսկական արվեստը. «Շատ կարևոր է մտածել նաեւ հոգու մասին: Չնայած մեր օրերում իսկական դերասանների արվեստը այդքան էլ չի գնահատվում»:
Դերասանուհի Ռուզաննա Գասպարյանը դժգոհում է, որ եթե մի քանի տարի առաջ թատրոնն ու արվեստը բարձր արժեք էին ներկայացնում հանդիսատեսի համար, այժմ ավելի կարևորվում է վերնագիրը. «Տարիներ առաջ թատրոն եկող հանդիսականը պատրաստ էր. վերնագրից գիտեր, թե ինչ ներկայացման է գալիս, ծանոթ էր գործին և հեղինակին: Իսկ այժմ բեմադրողները մտածում են վերնագրերը ավելի հետաքրքիր դարձնելու մասին»:
Ի դեպ, թատերական աշխարհի ներկայացուցիչներից շատերը չեն կիսում այն տեսակետը, թե հեռուստատեսությունը շատ ավելի արագ կարող է հանդիսատեսին գրավել, քան թատրոնը:
«Թատրոնը այն վայրն է, որտեղից պետք է խորհուրդներ փոխանցել հանդիսատեսին: Կարծում եմ`հեռուստատեսությունը և բոլոր այլ միջոցները բավարար չեն դրա համար. իսկ բեմից հանդիսատեսը կարողանում է շփվել սրտից սիրտ»,-ասաց դերասանուհի Աննա Էլբակյանը: