«Կիլիկիան» դեռ մշտական տեղ չունի
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ երեկոյան Կամերային երաժշտության տանը հավաքվածները տոնում էին «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի 25-ամյակը:
Կամերայինի ճեմասրահում ցուցադրվում էին ակումբի 25-ամյա պատմությունը և գործունեությունը ներկայացնող լուսանկարներ: Ցուցադրված էր նաև Սևանի` ավանդական առագաստանավերի օրինակով կառուցված երկու նավակներից մեկը:
Այն կառուցվել է «Սևանյան ծրագրի» շրջանակներում: Ինչպես ներկայացրեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի Կարեն Բալայանը, ծրագրի նպատակն է վերականգնել Սևանա լճի ավանդական առագաստանավերի 10 օրինակ և դրանք օգտագործել ամենամյա առագաստանավային մրցույթների ժամանակ` նպաստելով այս սպորտի զարգացմանը:
«Այաս» ակումբն իր գործունեության ընթացքում վերականգնել է պատմական Հայաստանի` 26 նավատեսակ, որոնցից առաջինը` «Կիլիկիա» առագաստանավը, կառուցվել է 12-13-րդ դարի նավի օրինակով: «Կիլիկիան» 2004-2006 թվականներին նավարկել է յոթ ծովերով:
Ի դեպ, երեկ ակումբի անդամները հատկապես մեծ ոգևորությամբ էին ներկայացնում երկար ճանապարհորդությունների հետևանքով արդեն հնացած և մաշված տարբեր երկրների դրոշները: Դրանք խոսուն վկայությունն են այն բազմաթիվ ջերմ ընդունելությունների, որոնց արժանացել են «Կիլիկիա» առագաստանավի անդամները` խարիսխ ձգելուց հետո:
«Կիլիկիա» առագաստանավի ճակատագիրն այսօր անորոշ է, չնայած նավապետ Կարեն Բալայանը լավատես է:
«Թեև նավն այժմ պահվում է «Հրազդան» մարզադաշտի տարածքում և դեռևս չի գտել իր վերջնական հանգրվանը, այնուհանդերձ հույս ունեմ, որ ապագայում առագաստանավը անպայման կունենա իր թանգարանը: Չնայած նաև լավ հասկանում եմ դա շատ բարդ հարց է ` ընդունելի պատճառներով, քանի որ հիմա ճգնաժամ է, և մարդիկ, բոլոր մակարդակներում, ավելի շատ մտահոգ են իրենց կենցաղային հարցերով: Բայց ես հավատացած եմ, որ թանգարան անպայման կլնի»,-ընդգծեց նավապետը:
Ավելացնենք, որ ակումբի անդամները պարբերաբար մասնակցում են ծովային հնագիտության և նավագնացության պատմության վերաբերյալ գիտաժողովների: Ակումբը «Ծովային հետազոտությունների» միջազգային ընկերության, «Ծովային պատմության» միջազգային հանձնաժողովի և Հայկական աշխարհագրական ընկերության անդամ է: