Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադամյանը գոհ է ընտրությունից

Սպորտ

Աշտարակի «Միկա» ակումբն այսօր լրատվամիջոցներին ներկայացրեց իր չորս նորեկներին` լիտվացի դարպասապահ Սաուլիուս Կլեւինսկասին, պաշտպան Հրայր Մկոյանին, բրազիլացի կիսապաշտպան Էդիլսոն Աբդալա Ժունիորին, լիտվացի հարձակվող Մինդաուգաս Գրիգալեւիչուսին:

«Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը նշեց, որ գոհ է ակումբի սելեկցիոն աշխատանքից եւ թիմ հրավիրված նոր խաղացողներից. «Այս 4 ֆուտբոլիստները իրենց լավ դրսեւորեցին ուսումնամարզական հավաքներին ու ստուգողական հանդիպումներին, եւ մենք պայմանագիր կնքեցինք նրանց հետ»:

Իսկ ահա թիմի երեք փորձառու խաղացողների ծառայություններից հրաժարվելու փաստը Արմեն Ադամյանը բացատրեց այն բանով, որ նրանք մարզումների ժամանակ զիջում էին իրենց երիտասարդ խաղընկերներին:

Խոսելով թիմի առջեւ դրված խնդիրների մասին, գլխավոր մարզիչը կոնկրետ պատասխան չտվեց. «Մեր նպատակն է հաղթել բոլոր խաղերում»: Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում թիմի հնարավորությունները «Կիլիկիայի» հետ կայանալիք առաջիկա գավաթային խաղում, Արմեն Ադամյանն ասաց. «Գավաթային բոլոր խաղերն էլ անկանխատեսելի են: Ճիշտ է, առաջին խաղն անցկացնում ենք սեփական հարկի տակ, բայց մեկնարկային լարվածությունը կարող է զգացնել տա: Թիմերի հնարավորությունները գնահատում եմ 50:50»: