Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Մալթային

Սպորտ

Հանդբոլի Հայաստանի կանանց հավաքականը Իսրայելում կայացած «Չելենջ տրոֆի» («Մարտահրավերի մրցանակ») մրցաշարի առաջին փուլում իր խմբում գրավեց 3-րդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքէջը, 1-ին տուրում մեր հանդբոլիստուհիները ցավալի պարտություն կրեցին Կիպրոսի ընտրանուց` 28:29: Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականն առջեւում էր 13:11 հաշվով,սակայն այդ առավելությունը պահպանել չհաջողվեց: Պատճառներից մեկն եղել է այն, որ խաղավարտից 15 րոպե առաջ վնասվածք է ստացել մեր թիմի փորձառու դարպասապահ Աստղիկ Գյուրջինյանը, իսկ նրան փոխարինել է 16-ամյա Նելլի Ֆիդանյանը, որը առաջին անգամ է մասնակցում միջազգային մրցաշարի:

Երկրորդ տուրում մեր հավաքականը 9:32 հաշվով պարտվեց տանտիրուհիների թիմին, որն առաջին խաղում նույնպես հաղթանակ էր տոնել Մալթայի ընտրանու նկատմամբ` 24:9: Այդպիսով, Հայաստանը ժամանակից շուտ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ հաջորդ փուլ էր մտնում միայն խմբի հաղթողը:

Վերջին խաղում մեր հանդբոլիստուհիները պարտության մատնելով Մալթայի ազգային թիմին` 21:12, գրավեցին 3-րդ տեղը: Հիշեցնենք, որ 4 տարի առաջ մեր ընտրանին նույն մրցաշարը կրկին ավարտել էր 3-րդ հորիզոնականում: Իսկ առաջին տեղը զբաղեցրեց Իսրայելի հավաքականը, որոնք հաղթեցին նաեւ Կիպրոսի թիմին: