Մասնակցություն ռուսական տարբերակով
Աջակցիր «Ա1+»-ինՎանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերին Ռուսաստանի պատվիրակության կազմի մեջ ընդգրկվել են մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չեն ունեցել տվյալ մարզաձեւի ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկացնում է Infox.ru կայքէջը:
Մասնավորապես, Ռուսաստանի բոբսլեի պատվիրակության ղեկավարի տեղակալ է ձեւակերպվել Վլադիմիր Մալինը, ով Մոսկվայի բիաթլոնի ֆեդերացիայի նախագահն է: Պարզվում է, որ նա հանդիսանում է Ռուսաստանի բոբսլեի ֆեդերացիայի նախագահ Նիկիտա Մուրզայի մտերիմ ընկերը:
Իսկ ահա ՌԴ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Պիսեեւին հաջողվել է լեզու գտնել սնոուբորդի ֆեդերացիայի ղեկավարների հետ եւ իր աղջկան ձեւակերպել որպես պատվիրակության թարգմանչուհի, ով ընդհանրապես չի երեւացել սնոուբորդի մրցումներին:
Նման գործարքների պատճառով հիմնականում տուժել են մարզիկ-մարզուհիների անհատական մարզիչները, որոնց այլեւս չեն բավականացրել օլիմպիական խաղերի հավաստագրերը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, չմշկորդ Ալեքսանդր Զուբկովը նույնպես զարմացած է, որ իր անհատական մարզչին չեն ընդգրկել պատվիրակության կազմում:
«Մարզչական խորհրդի անդամներն ինձ ասացին, որ ես մարզիկ եմ եւ չպետք է խառնվեմ իրենց գործերին: Եթե իմ մարզիչը լիներ Վանկուվերում, ապա ավելի լավ կպատրաստվեի մրցումներին»,-ասել է Զուբկովը: