Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շամպայն, գարեջուր եւ … սիգար

Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն պատրաստվում է հետաքննել օլիմպիական խաղերի կանանց տափօղակով հոկեյի մրցաշարի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը:

Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, Կանադայի հավաքականի հոկեյիստուհիները այն բանից հետո, երբ պարգեւատրվել են ոսկե մեդալներով, կրկին մտել են սահադաշտ եւ սկսել նշել հաղթանակը` խմելով շամպայն ու գարեջուր, իսկ մի քանիսը նույնիսկ սիգար են ծխել:

Օլիմպիական չեմպիոնուհիների նման պահվածքը զայրացրել է ՄՕԿ-ի ղեկավարությանը: «Եթե մարզուհիները իրոք ոգելիչ խմիչք են օգտագործել եւ սիգարներ ծխել, ապա դա շատ վատ է: Այլ բան է, երբ հաղթանակը նշում են հանդերձարանում, բոլորովին այլ` խաղադաշտում: Մենք այդ կապակցությամբ հետաքննություն կանցկացնենք, ինչպես նաեւ հարցը կքննարկենք Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեի եւ տափօղակով հոկեյի ֆեդերացիայի ղեկավարության հետ» - անմիջապես արձագանքել է ՄՕԿ-ի գործադիր տնօրեն Ժիլբերտ Ֆելին:

Նշենք, որ դաշտի տիրուհիները եզրափակիչում հաղթել են իրենց հարեւաններին` ԱՄՆ-ի հոկեյիստուհիներին` 2:0: