Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիպիական խաղերում` առանց տեսողության

Սպորտ

Համաշխարհային սպորտի պատմության մեջ առաջին անգամ նույն մարզիկը կմասնակցի եւ օլիմպիական, եւ պարալիմպիական խաղերին: Կանադացի 30-ամյա դահուկորդ Բրայան Մաքկիվերը Վանկուվերում պատրաստվում է հանդես գալ տղամարդկանց 50 կմ դահուկավազքում, որը կկայանա օլիմպիական խաղերի վերջին օրը` փետրվարի 28-ին:

Պատանեկան տարիներին Բրայան Մաքկիվերը աստիճանաբար կորցրել է տեսողությունը եւ համարյա կուրացել: Նա ներկայումս Կանադայի անվանի մարզիկներից է, քանի որ պարալիմպիական խաղերում 7 անգամ ոսկե մեդալներ է նվաճել: Այժմ համարյա կույր դահուկորդը ցանկանում է մրցել նորմալ մարզիկների հետ եւ մասնակցել օլիմպիական խաղերի 50 կմ դահուկավազքին: Սակայն նրա համար շատ դժվար կլինի, քանի որ նա սովորաբար մրցումներին մասնակցում է իր եղբոր` Ռոբինի հետ, որը նրան ճանապարհն է ցույց տալիս: «Ես կգտնեմ մեկին, որը արագ է սահում, եւ նրա հետ կհասնեմ եզրագծին»,- հայտարարել է քաջարի դահուկորդը:

Բրայան Մաքկիվերը, ինքնին, չի հավակնում օլիմպիական խաղերի մեդալների, սակայն նա ցանկանում է ապացուցել, որ առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարզիկների պատրաստության մակարդակը վերջին տարիներին բավականին բարձրացել է, ուստի հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել նաեւ նրանց մասնակցությամբ մրցումներին: