Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» Վրաստանում է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2009 թվականի բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուլիսը» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուռեկիում (Վրաստան):

Ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը «Ա1+»-ի թղթակցին հայտնեց, որ հավաքին մասնակցում են 22 ֆուտբոլիստ: «Բացակայում են Նարեկ Դավթյանը, որը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, իսկ Արտակ Անդրիկյանը մնացել է Երեւանում, քանի որ հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքին»,- ասաց նա:

«Ուլիսը» Սեւ ծովի ափին օրական անցկացնում է երկուական մարզում, իսկ ստուգողական խաղերի օրը` մեկական: Մեր թիմն արդեն անցկացրել է երկու ստուգողական խաղ: Առաջինում «Ուլիսը» ոչ-ոքի է խաղացել Լանչխութիի «Գուրիայի» հետ, իսկ երկրորդում` 2:0 հաշվով հաղթել է «Մարտվելիին»: Մեր թիմից գոլի հեղինակ են դարձել Ռաֆայել Մկրտչյանն ու Վահե Թադեւոսյանը:

Թիմի մարզիչները մինչեւ Հայաստան վերադառնալը նախատեսել են անցկացնել եւս երեք ստուգողական հանդիպումներ: Մարտի 1-ին մեր թիմը ուժերը կչափի Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող Զուգդիդիի «Բայայի» հետ, իսկ մյուս երկու մրցակիցները դեռեւս փնտրվում են:

«Ուլիսը» հավաքը կավարտի մարտի 3-ին: