Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Շահինյանի հաղթանակով

Սպորտ

Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ Օփեն» շախմատային տոնահանդեսում ավարտվեցին «B» եւ «C» խմբերի մրցաշարերը:

Ի ուրախություն հայ շախմատասերների, «C» խմբում առաջին տեղը զբաղեցրեց մեր հայրենակից Դավիթ Շահինյանը: Նա վերջին, 9-րդ տուրում, հաղթանակ տոնեց եւ վաստակեց 7,5 միավոր: Իսկ ահա հավասար ընթացող Էդուարդ Խատոեւը (Ռուսաստան) ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ կես միավորով ետ մնաց: Երրորդ տեղը զբաղեցրեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչ Ալեքսանդրա Նիկոլաեւան:

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրեց նաեւ Աշոտ Ավետիսյանը, որը 6,5 միավորով բաժանեց 4-7-րդ տեղերը: Մեր մնացած չորս մասնակիցները անկայուն հանդես եկան եւ զբաղեցրին համեստ տեղեր:

Ավարտեցին ելույթները նաեւ «B» խմբի մասնակիցները: Այստեղ հանդես եկող մեր երկու շախմատիստները` Տիգրան Սիմոնյանն ու Դավիթ Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեցին 5 եւ 3,5 միավոր եւ գրավեցին համապատասխանաբար 16-րդ եւ 47-րդ տեղերը:

«А1» խմբում հանդես եկող մեր չորս շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը կարող է պայքարել մրցանակային տեղերի համար: Նա 8-րդ տուրում հաղթելով իր մրցակցին, վաստակեց 5 միավոր եւ մոտեցավ առաջատարներին: Սակայն վերջին տուրում Գաբրիելը անպայման պետք է հաղթի ռուսաստանցի Արտյոմ Տիմոֆեեւին, իսկ նրա գլխավոր մրցակիցները միավորներ կորցնեն: Միայն այդ դեպքում մեր շախմատիստը կարող է հավակնել մրցանակային 3-րդ տեղին:

Մեր մնացած մասնակիցները` Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը 9-րդ տուրից առաջ այլեւս չեն կարող հասնել մրցաշարի առաջատարներին:

«А2» խմբում Հայաստանը ներկայացնող Տիգրան Քոթանջյանն ու Դավիթ Գ. Պետրոսյանը նույնպես անկայուն խաղ ցուցադրեցին եւ մրցաշարի վերջին տուրից առաջ դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից: