Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդամենը մեկ վարկանիշային մրցաշար

Սպորտ

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 2010 թվականի ամենակարեւոր մրցաշար է համարում Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին նա ասաց «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցի ժամանակ:

«Եվրոպայի առաջնությունն այս տարվա միակ մրցաշարն է, որի ժամանակ խաղարկվելու են պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այդ իսկ պատճառով առաջնությանը կմասնակցենք երկու մեծահասակ եւ երկու երիտասարդ մարմնամարզիկներով»,-ասաց նա:

Հակոբ Սերոբյանը նաեւ ավելացրեց, որ Եվրոպայի առաջնությունում շատ լուրջ մրցակցություն է սպասվում մեր երիտասարդ մարզիկներին. «Պատանեկան օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումներին մասնակցելու են 48 մարզիկներ, ընդ որում Եվրոպային հատկացվել է ընդամենը 14 տեղ: Ինքնին Սինգապուրի ուղեգիր նվաճելու համար պետք է տեղ զբաղեցնել 1-14-րդ հորիզոնականներում, ուստի մրցակցությունը անչափ լարված է լինելու»:

Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ մարտի1-5-ը Երեւանում կանցկացվի հանրապետական առաջնությունը, որից հետո կորոշվեն այն մարզիկները, որոնք ապրիլի 17-26-ը անգլիական Բիրմինգհեմ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Մարմնամարզության աշխարհի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերին, հոլանդական Ռոտերդամում: Սակայն, ինչպես հայտնեց Հակոբ Սերոբյանը, այն 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշ չի տալու մարզիկներին: «Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումների ուղեգրերը խաղարկվում են միայն խաղերից առաջ կազմակերպվող աշխարհի առաջնության ժամանակ: Ուրիշ վարկանիշային մրցաշարեր չեն անցկացվում», -նշեց նա: